Բերձորից վերջին հուշարձանն այսօր է տարհանվել, գործում ենք քաղպաշտպանության պլանի համաձայն․ ԱՀ ԿԳՄՍ փոխնախարար


Բերձորից վերջին հուշարձանն այսօր է տարհանվել, գործում ենք քաղպաշտպանության պլանի համաձայն․ ԱՀ ԿԳՄՍ փոխնախարար
Օգոստոս 19 07:27 2022

«Բերձորից, Աղավնոյից և Սուսից տարհանվել է 47 մոնումենտալ արվեստի հուշարձան, խաչքար»։ Այս մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը։ Նա նշեց, որ վերջին հուշարձանը այսօր են տարահանել Բերձորից։
«Հուշակոթողների տեղադրման վայրի հետ կապված առաջարկությունները դեռ կքննարկենք»,-ասաց նա։
Նա շեշտեց, որ եկեղեցիների հետ կապված էլ կարող են Արցախի թեմից պատասխանել։
Անդրադառնալով հարցին` իսկ ադրբեջանական կողմը որևէ կերպ չի՞ խոչընդոտել, քանի որ նշվում է, որ արդեն ազատ ելումուտ են անում, փոխնախարարն ասաց․
«Մենք աշխատել ենք, խնդիրներ չեն առաջացել, բացառությամբ այն բանի, որ ճանապարհը ինչ-որ պահի փակում էին, որ իրենց ավտոշարասյունը անցնի»,-ասաց նա։
Անդրադառնալով քննադատություններին, թե հուշարձանները տարհանելով` ինքներս մեր հետքը ջնջում ենք հայկական բնակավայրերից, Լեռնիկ Հովհաննիսյանն ասաց․
«Մենք գործում ենք քաղպաշտպանության պլանի համաձայն, որը կառավարության որոշումն է։ Այն հետևյալն է, եթե տարհանվում է բնակչությունը, պետք է տարհանվեն նաև մշակութային կոթողները»,-եզրափակեց նա։


Անի Գևորգյան