Բնակիչները հարազատների շիրմաքարերը տանում են, որ թշնամին չպղծի․ Աղավնոյի համայնքապետ


Բնակիչները հարազատների շիրմաքարերը տանում են, որ թշնամին չպղծի․ Աղավնոյի համայնքապետ
Օգոստոս 17 18:22 2022

 

Բնակիչները հարազատների շիրմաքարերը տանում են, որ թշնամին չպղծի․ Աղավնոյի համայնքապետ

Արցախի Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղի բնակիչները շարունակում են լքել համայնքը։ Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց համայնքի ղեկավար Անդրանիկ Չավուշյանը։

Նրա խոսքով՝ բնակիչները, իրենց միջոցներով կամ անհատների աջակցությամբ տեղափոխում են իրերը։

«Կարծում եմ՝ ամսի 25-ից էլ շուտ դուրս կգան մարդիկ, քանի որ արդեն իրերը տեղափոխում են, էլ մնան այստեղ ի՞նչ պիտի անեն»,- նշեց նա։

Ըստ համայնքի ղեկավարի՝ մարդիկ չգիտեն՝ ինչ անել։

«Այս պահին չեմ կարող ասել, թե քանի ընտանիք է լքել համայնքը, բայց մեծաթիվ մարդիկ արդեն լքում են համայնքը, իրերը տանում են։ Բայց խնդիր կա, մարդիկ կան, որ վարձով տուն չեն ճարում։ Ի՞նչ անեն, արդեն գիտեն, թե ինչ կարող է իրենց հետ լինել, տեսել են թշնամու քայլերը»,- նշեց համայնքի ղեկավարը։

Նա տեղեկացրեց, որ բնակիչները հիմնականում գնուն են չորս ուղղությամբ՝ Ստեփանակերտ, Սյունիք, Կոտայք և Երևան։

«Իրար օգնելով` իրերը տանում են։ Անգամ շիրմաքարերն են տանում՝ գերեզմանից մի բուռ հող հետը վերցնելով։ Գերեզմանաքարերի յոթանասուն տոկոսն արդեն հանվել է, մարդիկ չեն ուզում, որ իրենց հարազատի շիրիմը պղծվի»,- նշեց Անդրանիկ Չավուշյանը։

Դիտարկմանը, որ բնակչության նախնական տրամադրվածությունն այլ էր, մարդիկ վճռական էին, որ չեն լքելու իրենց տները՝ Աղավնոյի համայնքապետն արձագանքեց՝ ասելով, որ դրա համար իշխանության աջակցությունն էր պետք, իսկ այս պահին բնակիչները մենակ են, առանց որևէ օգնող ձեռքի։

«Հիմա կողքից մարդիկ կան, որ նոր են գալիս՝ նշելով, թե հայրենիքը բոլորինն է, բայց այստեղ ապրածների իննսունինը տոկոսը դուրս է գալիս՝ հիշելով իր տեսածը ու պատկերացնելով, թե ինչ է լինելու։ Չկա մարդկանց պաշտպանող իշխանություն»,- նշեց Չավուշյանը։

Նրա խոսքով՝ անհատական պայքար մղել հնարավոր չէր, իշխանությունը պետք է քայլեր աներ։

Նարե Գևորգյան