«Հրապարակ» թերթը գրում է․ «Բերձոր քաղաքի, Սուս եւ Աղավնո գյուղերի բնակիչները իրերն են հավաքում, որպեսզի մինչեւ օգոստոսի 25-ը լքեն բնակավայրերը։
44-օրյա պատերազմից հետո նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ պայմանագրում թեեւ չկա որեւէ դրույթ, ակնարկ, որ այս բնակավայրերը պետք է անցնեն թշնամուն, սակայն թշնամին օրեցօր լկտիանում է եւ նորանոր պահանջներ դնում մեր կոտրված ու խեղճացած իշխանությունների առաջ, եւ նրանց լուռ համաձայնության ներքո բնակիչները, այնուամենայնիվ, պետք է լքեն իրենց տները։
Բերձորում այս օրերին տիրող իրավիճակի մասին զրուցել ենք Բերձորի համայնքապետ Նարեկ Ալեքսանյանի հետ։
- Ի՞նչ է կատարվում Բերձորում այսօր։
- Ընդհանուր՝ նորմալ վիճակ է, ոչ մի արտառոց բան չկա։ Մարդիկ իրենց իրերն են հավաքում։ Մի մասն արդեն իսկ տարել են, հետ են եկել, որ մյուս մասը տանեն։
- Իսկ ո՞վ է բնակիչներին օգնում բեռնափոխադրման աշխատանքներն իրականացնելուն։
- Ամեն դեպքում, մենք ենք բեռնափոխադրողներին գտնում։ Իսկ կառավարության կողմից ֆինանսական աջակցություն է տրամադրվել, դրանով էլ հոգում ենք բեռնափոխադրման ծախսերը։
- Չնայած Հայկ Խանումյանը հորդորել էր, որ չայրեն տները, այնուամենայնիվ, Աղավնոյի մի բնակիչ երեկ այրեց իր տունը։ Բերձորում կա՞ ն մարդիկ, ովքեր կգնան այդ քայլին։
- Չեմ կարող ասել, ցանկացած պահի կարող է այդ ցանկությունն առաջանալ։
- Գյուղն այսօր քանի՞ ընտանիք է լքել։
- Բերձորից 10-12 մարդ է դուրս եկել՝ մոտ վեց ընտանիք։
- Ո՞ւր են գնացել։
- Երկու ընտանիք Արցախում են մնացել, մնացած տասը Հայաստան են գնացել։
- Այսինքն՝ Բերձորում քանի՞ ընտանիք մնաց։
- Վաթսունից քիչ ընտանիք է մնացել Բերձորում։ Ընտանիքներ կան, որտեղ ընդամենը մեկ անձ է»:
Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի` 16.08.22թ. համարում։