2020 թվականի հոկտեմբերի վերջին ու նոյեմբերի սկզբին Քարին Տակի ինքնապաշտպանական մարտերի ընթացքն ու գյուղի առեղծվածային անկումը, թերեւս, կհամալրեն հայկական պատմագրության հակասական ու ողբերգական այն էջերը, որոնք իրենց հետեւից շարունակում են թողնել բազմաթիվ անպատասխան հարցեր։
63-մյա Էդուարդ Աբաղյանը մասնակցել է հայրենի Քարին Տակի՝ վերջին երեք տասնամյակի երկու ինքնապաշտպանություններին։ Առաջինում կորցրել է երկու եղբայրներին, երկրորդում՝ հայրենի տունը։ Այժմ այլեւս ամբողջովին հայաթափված Քարին Տակի մասին պարոն Էդուարդի հետ զրուցեցինք Ստեփանակերտում, որտեղ Աբաղյանները տեղավորվել են մի քանի ամիս Հայաստանում ապաստանելուց հետո։
«Երկու եղբայրս մահացել են առաջին պատերազմում։ Փոքր եղբորս վիրավոր վիճակում կնոջ հետ միասին տեղափոխում էինք։ Այդ ժամանակ Շուշիից կրակեցին հրանոթով, երկուսն էլ զոհվեցին։ Մի «Ժիգուլի» մեքենայով էինք տեղափոխում, ուրիշ տեխնիկա չունեինք էդ ժամանակ։ «Ուռալ» ունեինք, բայց դա էլ մի քանի րոպե առաջ ուրիշ վիրավորների էր տեղափոխել, ճար չկար։ Ստեփանակերտից զրահատեխնիկա էր եկել օգնության։ Եկավ, կանգնեց դեմ-դիմաց, ճանապարհը նեղ էր, չէին կարողանում անցնել։ Ձմեռ էր, ձյուն։ Իր կանգնած պահին Շուշիից կրակեցին երեւի զրահամեքենայի վրա, բայց կպավ մեզ։ Ճանապարհին կանգնել էինք, որ ուրիշ վիրավոր էլ վերցնենք։ Եղբայրս հետեւն էր՝ գլուխը հենած կնոջը։ Ես դիմացից իջա, որ տեղավորեմ մյուս վիրավորին ու... 1992 թվականի հունվարի 26-ին։ Մեքենայում էր նաեւ մեր գյուղի հերոս տղաներից մեկը՝ Ալյոշա Վարդանյանը՝ մեր պուլեմյոտչիկը։ Փա՛ռք իրան, մեր պարծանքը... Ինքն էլ էդ նույն բանին զոհ գնաց։

Մեր գյուղով միշտ, համարյա ամեն օր կռվի մեջ էինք։ Բայց այդ հունվարի 26-ինը մեծ, խոշոր հարձակում էր։ Գյուղը շրջապատել էին։ Դե, Շուշին էնտեղ էր... Գյուղի ճակատամարտից հետո արմատական բեկում կարծես մտավ Ղարաբաղյան շարժման մեջ։ Դրանից հետո ազատագրեցին Խոջալուն, Մելիբալուն։ Բայց հունվարի 26-ին 22 զոհ տվեցինք, որոնցից կարծեմ 11-ը անմիջապես գյուղից, մնացածն էլ հարեւան գյուղերից օգնության եկած տղաները։
Ստորագրահավաքից մինչեւ զինված պայքար
Սկզբում ստորագրահավաք էինք անում, որ պետք է միանանք Հայաստանին, հետո տեսանք, որ չստացվեց։ Հույսներս դրել էինք Սովետական իշխանության վրա, որ կօգնեին, բայց ոչինչ էլ չեղավ։ Հետո սկսվեց պայքարը։ Զենքի ձեռքբերում եւ այլն... Վաղարշակ Առուշանյանն էր մեր ինքնապաշտպանական ջոկատի հրամանատարը։ 1988-ին արդեն տեսանք, որ հնարավոր չի խաղաղ ճանապարհով Մայր Հայաստանին միացումը։ Արդեն գյուղում կազմավորվեց ջոկատը։ Դաշնակցությունը օգնում էր, զենք էր մատակարարում, Վաղարշակն էլ՝ շատ նվիրված... Էն ժամանակ շատ էր դժվար։ Մի փամփուշտի համար մի ռուբլի էինք վճարում։ Ռուսներն էին ծախում։
1991 թվականի մայիսին մեր Շուշիի գյուղերը՝ Հին Շենը, Մեծ Շենը, էդ կողմի բոլոր գյուղերը ՕՄՕՆ-ը մտել, հայերին արտաքսել են։ Ավտոբուսները լցրել, տարել են մինչեւ Խնձորեսկ բոլորին։ Արդեն հասկացանք, որ մի երկու օրից էդ նույնը կատարվելու է մեր գյուղում։ Էդպես էլ եղավ։ Մայիսի 15-ին եկան մեր գյուղ։ 15-20 հոգի տղամարդկանց՝ արդեն հավաքած ավտոբուսների մեջ... Դպրոցի ուսուցիչներ, մեծահասակ մարդիկ... Սեյրան Օհանյանը էն ժամանակ ծառայում էր սովետական բանակում։ Պոլկ կար էստեղ։ Եկան օգնության, թուրքերին գյուղից դուրս հանեցին, էդ 15-20 հոգուն արձակեցին։ Էդ վերջին բանն էր, որ թուրքն ու ռուսը միասին եկել էին մեր գյուղ։

Լուսանկարը` Տիգրան Վարագ
Մինչեւ 1991-ի նոյեմբերը ռուսը գյուղում էր։ Ով ինչով կարողանում էր՝ մի շիշ օղի էր տալիս, մի երկու պատրոն վերցնում, էդպես, էստեղից-էնտեղից։ Հետո ռուսները որ գնացին, Ստեփանակերտից էլի Դաշնակցության մի 14-15 ավտոմատ ձեռք բերեցինք։ Վերջին զենքի ձեռքբերումն էր դա։ Գյուղում դարձավ 40 ավտոմատ, 1 հատ գնդացիր, մի հատ գռանատամյոտ, մի հատ նշանառու հրացան։ Էդպես մինչեւ ատամները զինված ավելի քան 600 հոգու դեմ պայքարեցինք։ Հարեւան գյուղերից էլ էին օգնության գալիս։ Շոշ գյուղից եկան մեզ օգնության, ճանապարհին զասադայի մեջ ընկան, իրենց մեջ էլ՝ իրենց գյուղապետը, զոհվեցին։ Հարեւան Սղնախից էլ եկան օգնության։ Էնտեղից էլ զոհ եղավ...
Խաղաղ բնակչության մեջ էլ զոհեր եղան։ Մանկապարտեզի դաստիարակ ունեինք՝ Հակոբյան Անյա։ Հունվարի 26-ի հարձակման ժամանակ ինքն էլ վիրավորվեց, հիվանդանոցում մի քանի օրից մահացավ։ 14 տարեկան Նարինե անունով աղջիկ կար։ Ախպերը պահակակետում էր, ինքն էլ հացն էր տանում, հասցնում։ Էդ կռվի օրը էդ աղջիկն էլ զոհվեց։ Կամիլա կար, երեխան գրկած փախչելիս կրակեցին, երեխան շպրտվեց ձեռքից, ինքը մահացավ, երեխան ողջ ա։ Անասնաբույժ ունեինք, 91 թվականի դեկտեմբերին ինքն էլ գյուղում սպանվեց դիտավորյալ կրակից։ Մամիկոն կար, նա էլ սպանվեց իրենց տան բակում։
Մինչեւ Շուշիի ազատագրումը գյուղն անընդհատ նշանառության տակ է եղել։ Գյուղից էլ մինչեւ էդ պահը ոչ մեկ դուրս չի եկել, անգամ մինչեւ ծծկեր երեխա. բոլորը մնացել են։ Մինչեւ հունվարի 26-ը խոշոր տրամաչափի զենքերից քիչ էին կրակում։ Մարդիկ հարեւաններով հավաքվում էին, տներում, նկուղներում։ Դուրս չեն եկել։ Ժողով էինք հրավիրել, որ ոչ մեկը գյուղից կին, երեխա չհանի։ Մտածում էինք, որ եթե հանեն, զինվորներն էլ կասեն, թե․ «Ինչի՞ համար ենք կռվում»։ Կլքեն դիրքերը։ Բոլորը մնացին։
«Մեր կողքը ոչ ոք չկար»
Էս ամենը պայմանավորված բան էր։ Մեզ դեռ 10-12 օր առաջ ասել են՝ նոյեմբերի 9-ին Ադրբեջանում դրոշի օր է, էդ օրը պիտի Ադրբեջանի դրոշը Շուշի լինի։ Եթե պայմանավորված չլիներ, Ավետարանոց գյուղում պետք է մերոնք առաջները կտրեին, չթողնեին էդքան մոտիկանային. բանակ ունեինք, զենք ունեինք...
