Լոլիկի ծաղիկները ջրի բացակայությունից թափվում են Հովհաննեսի ափի մեջ: Ամեն ծաղիկի հետ մի լոլիկ է նվազում: «Ծաղիկը չի թափվում, իմ հույսն ա ընկնում, որ վարկս շուտ կփակեմ»,- Հետքի հետ զրույցում խորը հոգոց է հանում Հովհաննեսը և անորոշ նայում չորացող դաշտին: Ասում է, որ լուրջ վնասներ է կրում ոչ միայն ինքը, այլև համայնքի բնակչության մեծ մասը:
Ակնալճում տարիներ շարունակ Կառավարությունը չի կարողանում լուծել ոռոգման ջրի հարցը: Գրեթե ամեն տարի ջրօգտագործողները փաստի առաջ են կանգնում և լուրջ կորուստներ ունենում ջրի պակասի հետևանքով: Նույն պատկերն էր նաև 2019թ.-ին:
Համայնքի հողերը սնվում են երեք աղբյուրից՝ խորքային հորերից, «Սև ջուր» պոմպակայանից և ստորին Հրազդանի ջրանցքից: Ակնալիճը Ստորին Հրազդանի ջրանցքից սնվող վերջին համայնքն է: Հողերի այն հատվածը, որը ոռոգվում է Հրազդան գետի ջրերով, ամառվա ամիսներին գրեթե դառնում է չոռոգվող, քանի որ ջուրը քիչ է և չի հասնում Ակնալիճ: «Սև ջուր» պոմպակայանից էլ գրեթե ջուր չի հասնում. ջուր չի կուտակվում:
Հովհաննես Կնյազյանը 20 հա հող ունի Ակնալիճ համայնքում, որից 5 հ-ի վրա լոլիկ է աճեցնում, իսկ մնացածը նորատունկ խաղողի այգիներ են: Բույսը ծաղկել է, նշմարվում է բերքը, սակայն արդեն կորուստներ են արձանագրվում:
Ինտերնետային հայտարարությունների կայքում Հովհաննեսը հայտարարություն է տարածել, որ վաճառում է 20 հա հողը: Ասում է՝ ստիպված է գնացել այդ քայլին, քանի որ գյուղատնտեսության համար վերցրած վարկերը չի կարողանում մարել:
«Արդեն 5 մլն դրամի ծախս եմ արել, սակայն ծաղիկները թափվում են ջուր չլինելու պատճառով: Առաջին և երկրորդ բերքը կորցնում եմ: Եթե արագ ջուր չհասնի բույսին՝ կորուստը կմեծանա»,- ասում է Հ. Կնյազյանը:
Հովհաննեսն ասում է, որ նախորդ տարիներին էլ վիճակը հուսադրող չի եղել, սակայն այս տարի ծայրաստիճան վատ է: Առնվազն 4 անգամ պետք է լոլիկը ջուր ստացած լիներ, սակայն մեկ անգամ է կարողացել ոռոգել:
Նույն վիճակն է նաև խաղողի այգիներում: Այն հատվածներում, որտեղ ջուրը լավ է ներծծվել հողի մեջ՝ խաղողի վազը փարթամ է, մնացած հատվածներում հողից քիչ է վերև բարձրացել և ունի ընդամենը մի քանի տերև:
«24 մլն վզիս վարկ ա դրած: Հայտարարություն եմ տարածել, վաճառում եմ հողերս, որ թողեմ, գնամ: Նույնը ասել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, երբ քարոզարշավի ժամանակ եկավ մեր գյուղ: Մեզ ջուր է պետք ու մթերող գործարան, ուրիշ ոչինչ: Բայց ո՛չ ջուրը կա, ո՛չ գործարանը»,- նշեց Հովհաննեսը:
Նա մինչ օրս չի ստացել նախորդ տարվա լոլիկի գումարը, որը հանձնել է Արտաշատի «Արտֆուդ» գործարանում: Չգիտի էլ, թե երբ կտան:
«Ամեն տարի նույն պատմությունն է, չգիտեմ լոլիկն ու խաղողը որտեղ եմ վաճառելու: Այսօր ոչ մի գործարան հստակ պայմանագիր չի կնքում, թե ինչ գնով է մթերելու: Ամեն ինչ վաճառում եմ, որ գոնե վարկերից պրծնեմ, թողնեմ երկրից գնամ, ուրիշ նպատակ հիմա չունեմ»,- հավելեց Հ. Կնյազյանը:
Ակնալիճ համայնքի ղեկավար Գևորգ Միսակյանը նշեց, որ Ակնալճի հողերը գերնորմատիվային են, ինչը նշանակում է, որ նորմայից ավել ջուր է օգտագործվում:
«Ակնալիճ համայնքում 20 տարուց ավելի ջրի համար ենք պայքարում: Նույնիսկ փոխեցինք մեր ՋՕԸ-ն: Սկզբում «Արմավիր»-ն էր սպասարկում, հետո գնացինք «Էջմիածին» ՋՕԸ՝ մտածելով, որ ստորին Հրազդան ջրանցքից վերջապես ջուր կստանանք: Բայց 2-3 տարի ջուր ստացանք, էլի նույն վիճակն է: Չգիտեմ հարցը ոնց պետք է կարգավորվի»,- ասում է Գ. Միսակյանը:
Համայնքապետը հույս չունի, թե հարցը արագ կկարգավորվի, իսկ գյուղացիները զրկվում են ապրուստի միակ միջոցից՝ հողից: