«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում գրված է, որ բարենպաստ արտաքին միջավայրի պարագայում տարեկան 9 տոկոս տնտեսական աճ կապահովվի: Այս մասին, այսօր՝ հունիսի 24-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Մենք մեր կառավարության ծրագիրը կազմելու ենք հենց այդ տրամաբանությամբ, նույնիսկ մի քիչ էլ ավել, որ այդ 9 տոկոսն իրագործենք: Ինչու ենք դա արել, որովհետեւ Հայաստանի առջեւ կանգնած մարտահրավերներն այնպիսին են, որ դա այն նվազագույն տնտեսական աճն է, որի պարագայում կկարողանանք անվտանգային եւ հումանիտար բոլոր հարցերը լուծել: Ո՞նց ենք դա անելու: Ունենք մանրամասն ծրագիր եւ հիմա մի փոքր ճշգրտումներ ենք անում.,-ասաց նախարարը:
Նա հավելեց, որ կառավարությունը պետք է ամեն ինչ անի, որ ներդրումային միջավայրը լավանա, բյուրոկրատական խոչընդոտները վերանան:
Հարցին, թե ինչպես են տնտեսական աճ ապահովելու՝ հաշվի առնելով, որ շատ գործարարներ ասել էին, որ եթե իշխանությունները վերընտրվեն, իրենք հեռանալու են երկրից, իրենց բիզնեսներ էլ տանելու են, Վահան Քերոբյանն արձագանքեց. «Գործարար միջավայրի հետ իմ շփումը, շրջապատն ավելի մեծ է, քան ձերը եւ տնտեսվարողների 90 տոկոսն ինձ խոստովանում է, որ եթե հանկարծ իշխանափոխություն տեղի ունենա, իրենք կարտագաղթեն: Այնպես որ այս առումով կարծիքները տարբեր են: բայց ես կարծում եմ, որ մենք ամեն ինչ պետք է անենք, որ ՀՀ-ում եղած ամբողջ ներուժը համախմբենք: Մեր երկիրն այնքան փոքր է, ռեւսորսներն էլ այնքան քիչ են, որ մենք իրավունք չունենք մսխել այդ ռեսուրսները: Ես ուզում եմ կոչ անել բոլոր գործարարներին, որովհետեւ իրենք ամենահայրենասեր կատեգորիայից են, լծվել երկրի շենացմանը: Ես էլ իրենց տրամադրության տակ եմ, որ իրենց մոտ եղած խնդիրները լուծվեն»: