Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման Իրանի նախաձեռնությունը ենթադրում է տարածաշրջանի ազդեցիկ երկրների մասնակցություն, հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արաքչին։
Tasnim գործակալության հաղորդմամբ՝ ադրբեջանական ITV հեռուստաալիքին տված հարցազրույցում Արաքչին հայտարարել է, որ ԼՂ-ում խաղաղության հաստատման Իրանի ծրագիրը հիմնված է «ռեալիզմի, տարածաշրջանային մոտեցումների և ազդեցիկ տարածաշրջանային երկրների մասնակցության վրա»:
«Իրանական նախաձեռնությունը նպատակ ունի հակամարտությունը կարգավորել տարածաշրջանային համագործակցության միջոցով և օգնել երկու կողմերին կատարել իրենց պահանջները»,- ասել է նա:
Արաքչին նշել է, որ Իրանի խաղաղ ծրագիրը հիմնված է մի շարք միջազգայնորեն ճանաչված սկզբունքների վրա՝ հավելելով, որ Իրանի նախաձեռնության հիմքում բարի կամքն է, որը միտված է դադարեցնել «մարդկային և նյութական կորուստները»։
Հիշեցնենք, որ Արաքչին Թեհրանի նախաձեռնությունն արդեն ներկայացրել է Երաևնում, Բաքվում,Մոսկվայում և Անկարայում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 45 քաղաքացիական անձ, վիրավորվել է 141 քաղաքացիական անձ։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։
«Մեր նախաձեռնությունը նպատակ ունի ԼՂ հակամարտությունը կարգավորել տարածաշրջանային համագործակցության միջոցով»․ Իրանի փոխարտգործնախարար

