Հայաստանում կորոնավիրուսի թեստերի տեղական արտադրությունը դեռեւս չի սկսել, Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը չի ավարտել Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի կողմից ստացած առաջին խմբաքանակի ուսումնասիրությունը։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
Նշենո, որ դեռեւս հունիսի 1-ին պարետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը արդեն թողարկել է թեստերի առաջին խմբաքանակը՝ 350 թեստ, որոնք ուղարկվել էին Համաճարակների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն՝ փորձարկման։ Թե երբ կենտրոնը կավարտի ուսումնասիրությունը եւ կմեկնարկի թեստերի արտադրությունը, նախարարությունում այս պահին ասել չեն կարող։
Ավելի վաղ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտից հայտնել էին, որ ստացել են բոլոր անհրաժեշտ նյութերը 100 000 թեստի պատրաստման համար եւ փորձարկման շրջանից հետո նախատեսում են օրական շուրջ 1000-2000 թեստ արտադրել:
Այս պահին, ըստ նախարարության, Հայաստանում կորոնավիրուսի թեստերի խնդիր չկա, պահուստային թեստեր կան, թե ինչ քանակությամբ՝ հայտնել կարող են միայն համապատասխան հարցումից հետո։ Թեստավորում իրականացվում է թե անվճար՝ նախարարության հետ պայմանագրով աշխատող լաբորատորիներում, թե վճարովի՝ մասնավոր լաբորատորիներում, որոնց գործունեությունը, այդ թվում՝ գնային քաղաքականությունը նախարարությունը չի վերահսկում։ Թեստերի արդյունքների ամբողջ բազան հավաքվում է մի համակարգում, որն էլ նախարարությունը ներկայացնում է միասին՝ չտարանջատելով, թե դրանց որ մասն է արվում մասնավոր հիմունքներով։