Անչափահասերի մայրը թարգմանիչ է եղել, վկայից դարձել է մեղադրյալ, իսկ իբրև թե ապօրինի միգրացիայի կազմակերպիչներ հանդիսացող տղամարդիկ ազատության մեջ են. փաստաբան


Անչափահասերի մայրը թարգմանիչ է եղել, վկայից դարձել է մեղադրյալ, իսկ իբրև թե ապօրինի միգրացիայի կազմակերպիչներ հանդիսացող տղամարդիկ ազատության մեջ են. փաստաբան
Հուլիս 11 18:51 2025

Լիանա Հարությունյանի պաշտպան՝ Զարուհի Փոստանջյանը հայտարարություն է տարածել․

 

«Այսօր՝ 2025 թվականի հուլիսի 11-ին, Շենգավիթի դատարանը որոշում է կայացրել 3 ամսով կալանավորել քաղաքացի Լիանա Հարությունյանին։ Վերջինս ունի բարձրագույն կրթություն և մատուցել է թարգմանչական ծառայություններ Հնդկաստանի քաղաքացիների համար։ Ի սկզբանե Լիանա Հարությունյանը հարցաքննվել է որպես վկա, սակայն հետագայում նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ապօրինի միգրացիայի օժանդակության մեղադրանքով։

 

Հատկանշական է, որ Լիանա Հարությունյանը երեք անչափահաս երեխաների մայր է, որոնցից ամենափոքրն ընդամենը 8 ամսական է։ Միևնույն ժամանակ, ազատության մեջ են գտնվում երեք տղամարդ, ովքեր հանդիսանում են իբրև թե ապօրինի միգրացիայի կազմակերպիչներ։

 

Դատարանի որոշումից արդեն անցել են ժամեր, սակայն մինչ այս պահը որոշման օրինակ չի տրամադրվել պաշտպանական կողմին, ինչը խոչընդոտում է բողոքարկման հնարավորությանը։

 

Այս պարագայում մնում է բաց հարց՝ ինչպես և ո՞ւմ միջոցով է ապահովվելու 8 ամսական երեխայի խնամքը, արդյո՞ք խոցելի սոցիալական վիճակում գտնվող մոր նկատմամբ կալանավորումը՝ որպես խափանման միջոց, համաչափ է, կալանավորման պայմաններում ո՞վ է ապահովելու երեք երեխաների խնամքը։

 

Փաստացի, Հայաստանի Հանրապետության դատարաններն անցել են մանկահասակ երեխաների իրավունքների կոպիտ խախտման՝ անտեսելով նրանց շահերը և օրենքով սահմանված պաշտպանությունը։

 

Լավագույն դեպքում 8 ամսական փոքրիկ երեխան կգտնվի կալանավայրում՝ իր մայրիկի կողքին։ Սա է մեր «արդարադատությունը»»։