Վանաձորում հայտնի «Գլորիա» կարի ֆաբրիկայից 2 կարող բանվորուհիներ տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն


Վանաձորում հայտնի «Գլորիա» կարի ֆաբրիկայից 2 կարող բանվորուհիներ տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն
Օգոստոս 14 21:13 2025

Այսօր՝ օգոստոսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Բազումի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձորում հայտնի «Գլորիա» կարի ֆաբրիկայից «Վանաձոր» բժշկական կենտրոն են տեղափոխվել 2 աշխատակից։

Տեղում պարզվել է, որ հիվանդանոց են տեղափոխվել Լոռու մարզի բնակիչներ 51-ամյա Հասմիկ Պ․-ն՝ «Ձախ նախաբազկի վերին երրորդի միջանցիկ վերք՝ մկանային վնասումով, նյարդային վնասում հարցականով, օտար մարմին, նախաբազկի ոսկրերի կոտրվածք հարցականով» ախտորոշմամբ և Լոռու մարզի բնակիչ 46-ամայ Աննա Բ․-ն՝ «Աջ դաստակի փափուկ հյուսվածքների սալջարդ» վնասվածքով։

Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները գտնվում են անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում՝ վիրահատարանում և ի վիճակի չեն կատարվածի մասին այս պահին բացատրություն տալու։

Բազումի ոստիկանները պարզել են, որ ժամը 10։55-ի սահմաներում Հասմիկ Պ․-ն Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղում գործող «Գլորիա» կարի ֆաբրիկայի առաջին հարկում գտնվող «BP» արտադրամասում աշխատելու ընթացքում իր անզգուշության հետևանքով, չպահպանելով անվտանգության կանոնները, ձախ ձեռքը թողել է «Մամլիչ» հաստոցի տակ, ինչի հետևանքով ստացել է վերը նշված մարմնական վնասվածքները։ Այդ ամենին ականատես նրա գործընկեր Աննա Բ․-ն օգնության հասնելով փորձել է դադարեցնել հաստոցի աշխատանքը, ինչի արդյունքում ինքը նույնպես ստացել է վնասվածք։

Ոստիկանության Բազումի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նշված անձինք աշխատում են «Գլորիա» կարի ֆաբրիկայում, որպես կարող բանվորուհիներ։