Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի նախագահի հետ


Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի նախագահի հետ
Հուլիս 12 20:07 2025

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ: Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիային Հայաստանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության պաշտպանության, տնտեսական զարգացման, դիմակայության ամրապնդման հարցերում անսասան աջակցության համար` նշելով, որ Հայաստանում բարձր են գնահատում եղբայրական Ֆրանսիայի քայլերը:

 

Ժերար Լարշեն իր հերթին վերահաստատել է Հայաստանին Ֆրանսիայի շարունակական աջակցության պատրաստակամությունը:

 

Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել Հայաստան-Ֆրանսիա, Հայաստան-ԵՄ հարաբերություններին եւ Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին վերաբերող հարցերը: Առանձին անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային իրավիճակին եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի ստորագրման անհրաժեշտությանը վերաբերող հարցերին: