Բռնցքամարտի նորաստեղծ հայկական ազգային ֆեդերացիայի անդամների ասուլիսը գործող ֆեդերացիայի ներկայացուցիչների կողմից տապալվեց:
Բռնցքամարտի նորաստեղծ հայկական ազգային ֆեդերացիայի անդամներ բռնցքամարտի ներկայացուցիչներ Արման Հարությունյանը, Վազգեն Բադալյանը, Ռաֆայել Մեհրաբյանը, սպորտի վարպետ, Եվրոպայի չեմպիոն Սամսոն Խաչատրյանը և Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի մարզադպրոցի տնօրեն Սամվել Գասպարյանը ներկայացրին իրենց դժգոհությունները գործող ֆեդերացիայի նկատմամբ, սակայն չկարողացան ավարտել ասուլիսը,քանի որ ասուլիսի սրահ մտան Արթուր Գևորգյանի ղեկավարած ֆեդերացիայի ներկայացուցիչներ, բռնցքամարտիկներ, մարզչական շտաբի անդամներ, հակափաստարկներ ներկայացրին և ասուլիսը վերածվեց կռիվ-բանավեճի: Երիտասարդները վաստակավոր մարզիչների հասցեին վիրավորանքներ ու մեղադրանքներ հասցրին, որից հետո բանախոսները չցանկացան ասուլիսը շարունակել նման լարված մթնոլորտում:
Նշենք, որ Բռնցքամարտի ֆեդերացիայի շուրջ այս աղմուկն առաջացել է նախագահի ընտրություններից հետո՝ երբ վերընտրվեց Արթուր Գևորգյանը:
Բռնցքամարտի ֆեդերացիայի նախկին փոխնախագահ Սամվել Գասպարյանի խոսքով՝ պետք է լինի մրցակցություն, ու ֆեդերացիայի նախագահը պետք է ընտրվի այդ տրամաբանությամբ:
«Եթե այսօր կա պայքար, ո՞վ է ասել, որ այդ տեղում մշտական մեկը պետք է նստի: Պետք է անպայման պայքար ու ընտրություն լինի, թող դնեն, հավասար պայքարում ընտրվի ֆեդերացիայի նախագահը»,- ասաց նա: