Հայաստանի ժուռնալիստների միության կոչ-ուղերձը՝ միջազգային լրագրողական կազմակերպություններին․
«Հարգելի գործընկերներ,
Հայաստանում լրագրողների դեմ 2018թ. «թավշյա հեղափոխությունից» հետո մեկնարկած արշավը ոչ միայն շարունակվում է, այլև նոր դրսևորումներ է ստանում:
Գործող իշխանությունն ակնհայտորեն անցել է լրագրողներին բացահայտ ահաբեկելու գործելակերպին: Վերջին շրջանում լրագրողների դեմ իշխանական պատգամավորների հարձակումները, այդ թվում՝ սոցիալական ցանցերում և իրենց հետ փոխկապակցված լրատվամիջոցների անվան տակ հանդես եկող կայքերում թիրախավորման դեպքերը այլ կերպ հնարավոր չէ բացատրել:
Ապրիլի 18-ին Ազգային ժողովում, կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության գործարար պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հերթական անգամ թիրախավորել էր «Factor.am»-ի լրագրող Նարեկ Կիրակոսյանին՝ վերջինիս՝ իր մասնագիտական գործունեությունն իրականացնելու ժամանակ՝ ակնհայտորեն խոչընդոտելով նրա լրագրողական գործունեությանը:
Ազգային ժողովի շենքում ցանկացած լրագրող ցանկացած պատգամավորի հարց տալու իրավունք ունի, և այդ հարցերին պատասխանելը պատգամավորի աշխատանքի մասն է:
Հենց իր այդ իրավունքից էր փորձում օգտվել լրագրողը, երբ իշխանական խմբակցության պատգամավորը, առանց լսելու հարցի բովանդակությունը, կորցրեց ինքնատիրապետումը, սկսեց գոռգոռալ, խփել լրագրողի միկրոֆոնին, թափահարել հեռախոսը, վիրավորել, մատ թափ տալ նրա վրա:
Լրագրողների նկատմամբ նման անթույլատրելի պահվածքը, ցավոք, նոր չէ, նոր մակարդակների է հասնում, և պատճառն այն է, որ իշխանական պատգամավորներն իրենց անպատժելի են համարում, քանի որ ոչ միայն հրապարակային չեն դատապարտվում, այլև իրավական որևէ պատասխանատվության չեն ենթարկվում:
Նման երևույթներն անպատժելիության պատճառով վարակիչ և նորանոր դրսևորումներ են ստանում՝ թիրախավորելով լրագրողին և լրագրողի աշխատանքը: Իշխանությունները ցանկացած իրավիճակում քավության նոխազ են դարձնում լրագրողներին՝ ատելություն սերմանելով նրանց նկատմամբ:
Այդ անպատժելիությունը լրագրողների թիրախավորման նորանոր դեպքերի ու դրսևորումների պատճառ է դառնում:
Երևանում Արցախի ներկայացուցչության մոտ Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի դեմ բողոքի ակցիա իրականացնող փոքրաթիվ, բայց բավականին ագրեսիվ վարքագիծ ցուցաբերող խմբի անդամներն արգահատելի վարքագիծ դրսևորեցին՝ լրագրողների հասցեին դատապարտելի անվանարկումներ անելով, նրանց վրա գոռալով, «հրամայելով» հեռանալ, չլուսաբանել ակցիան:
Հանրային վայրում հանրային գործունեություն իրականացնող որևէ անձ կամ խումբ չէ, որ պիտի որոշի՝ լրագրողներն ինչ լուսաբանեն, ինչպես, իրենց ինչ հարցեր տան կամ չտան: Հարց տալու իրավունքը լրագրողինն է, պատասխանելու կամ չպատասխանելու իրավունքը՝ ակցիա իրականացնողներինը:
Ոչ ոք չի կարող ցուցում տալ՝ ինչպես աշխատի լրագրողը, ոչ ոք իրավունք չունի նրա վրա գոռալ, վիրավորել լրագրողին, առավել ևս՝ նրա աշխատանքի անհնարինության գործողություններ կատարել:
Լրագրողի գործունեությունը պետք է անխոչընդոտ լինի, լրագրողը որևէ պարագայում չպետք է աշխատի անվտանգային սպառնալիքների ներքո:
Հայաստանի ժուռնալիստների միությունը դիմում է իր գործընկեր կառույցներին՝ Ժուռնալիստների եվրոպական ֆեդերացիային (EFJ) և Ժուռնալիստների միջազգային ֆեդերացիային (IFJ)՝ նրանց տեղեկացնելով, որ առաջնային մանդատով օժտված Հայաստանի Հանրապետության օրենսդիր մարմնում ոչ միայն խոչընդոտվում է լրագրողների աշխատանքը, այլև նրանք Խորհրդարանում աշխատում են կառավարող կուսակցության առանձին պատգամավորների ամենօրյա ուղիղ սպառնալիքների, վիրավորանքների ներքո, և խնդրում դատապարտել,
համապատասխան զեկույցներում ներառել, աջակցել գործընկեր միջազգային կառույցներին խնդիրը հասցեավորելու ու դրանով իսկ իշխանության ներկայացուցիչներին սանձելու հարցում:
Հայաստանը «Ժողովրդավարական բաստիոն» հռչակած իշխանությունները կեղծ ժողովրդավարության, կեղծ արևմտյան արժեքների անվան տակ հետապնդումների են ենթարկում լրագրողներին, լրատվամիջոցներին, խոչընդոտում ազատ խոսքի իրավունքը և ատելություն սերմանում ԶԼՄ-ների և լրագրողների հանդեպ, որոնք առանց այն էլ աշխատում են այս իշխանությունների կողմից ի վնաս ԶԼՄ-ների փոփոխված օրենքներով ստեղծված խիստ ծանր պայմաններում: Իշխանություններն ավտորիտար կառավարություններին բնորոշ գործիքներով ամեն ինչ են անում, որպեսզի երկրում ուղղորդված և միակողմանի քարոզչությունն առաջնային տեղ զբաղեցնի:
Խոսքի ազատությունը ժողովրդավարական պետության հիմնասյուներից մեկն է, որը, սակայն, Հայաստանում վերածվել է կեղծիք տարածող ուղղորդված քարոզչական, տեղեկատվական հաշվեհարդարի և հասարակության մանիպուլացման գործիքի: Ընդդիմադիր հայացքներով լրագրողները և լրատվամիջոցները շատ հաճախ հայտնվում են իշխանությունների սոցիալական ցանցերում և իրենց հետ փոխկապակցված լրատվական և ոչ լրատվական կայքերում տեղեկատվական-քարոզչական գրոհի թիրախում, զրկվում են պետական գերատեսչություններին ուղղված իրենց հարցերի պատասխաններից, չեն հրավիրվում իշխանությունների մասնակցությամբ միջոցառումների լուսաբանմանը, որոշ դեպքերում էլ՝ անվտանգության աշխատակիցների կողմից ուժի գործադրմամբ վռնդվում են դեպքի վայրերից:
ՀԺՄ-ն ևս մեկ անգամ կոչ է անում լրագրողներին չտրվել սադրանքներին, պահել լրագրողի էթիկայի կանոններն ու աշխատել մասնագիտական պրոֆեսիոնալիզմի շրջանակներում»: