«Լիդիանը» այսօր փակել է միջհամայնքային ճանապարհը դեպի Ջերմուկ, որպես նախապայման առաջարկելով բացել հանքի ճանապարհը, սակայն տեղի բնակչությանը հաջողվել է հեռացնել նրանց: Այս մասին ArmDay.am-ին հայտնել է ակտիվիստներից մեկը՝ Վազգեն Գալստյանը:
«Ճանապարհը փակել էին, և իրավիճակը լարված էին պահում: Մենք մեր ձեռքերը վեր էինք բարձրացրել՝ ի նշան խաղաղության: Ալոյան Հայկը, ով «Լիդիան»-ի տնօրենն է,փորձեց ուժով ներս մտնել, ու բախում տեղի ունեցավ: Նրանք սկսեցին քարերով ու շշերով խփել բնակչությանը հետո նաև գազ կիրառեցին: 5 ժամ մենք փորձեցինք հանդարտեցնել կրքերը: Երևանից մոտ հարյուր մարդ էին բերել,բայց այդ մարդիկ հեռու կանգնեցին չենթարկվեցին նրանց»,-ասաց Վազգենը:
Գազի կիրառման արդյունքում՝ հինգ մարդ տուժել է: Բնակչությունը շարունակելու է 24 ժամ հսկել հանքավայրը և թույլ չտալ, որ այն շահագործվի: Հարկ եղած դեպում՝ կոշտ դիմադրություն ցույց կտան:
Վազգենը նշեց, որ 66 օր Հայկ Ալոյանի մարդիկ փորձել են պրովոկացիա անել տեղի համայնքների միջև, բայց դա նրանց չի հաջողվել:
Հիշեցնենք, որ Բնապահպանության և ընդերքի տեսչությունն առաջարկել է Բնապահպանության նախարարությանը Լիդիանի լիցենզիան չեղյալ համարել: