Դերասանուհի Դիանա Գրիգորյանը մայիսի տասնութին նշանադրվել է, չնայած չի սիրում անձնական կյանքի մասին խոսել, բայց BlogNews.am-ի հետ զրույցում մի քանի մանրամասն է պատմել իր կյանքի կարևոր իրադարձության մասին: Խնջույքի կազմակերպչական հարցերով Դիանան և սիրելին են զբաղվել, ինչպես նշում է, ամեն ինչ պարզապես հրաշալի է անցել:
«Ես և իմ ընտրյալն անցած տարի ենք ծանոթացել։ Պահը հասունացավ, և որոշեցինք այս տարի օրինականացնել մեր հարաբերությունները: Ես այն մարդկանց շարքին եմ պատկանում, ովքեր չեն սիրում անձնական կյանքի մասին բարձրաձայնել, բայց միևնույն ժամանակ հասկանում եմ, որ հանրային մարդկանց անձնական կյանքը հետաքրքրում է հասարակությանը»:
Դերասանուհու սոցիալական ցանցերում սիրելիի լուսանկարները չկան, պատճառը մեկն է՝ նախընտրում է անձնական կյանքը չլուսաբանված պահել. «Իմ կարծիքով՝ անձնական կյանքը հենց դրանով է անձնական, մեր հարաբերությունները միայն մեզ համար են: Չեմ սիրում, երբ լուսանկարներ են հրապարակում, որոնք դառնում են քննարկման առիթ: Գուցե այդ առումով հին մարդ եմ, բայց թե՛ ես և թե՛ իմ ընտրյալն այդպես ենք մտածում: Մենք մեր համար ենք այդ ամենը պահում, մեր մտերիմները գիտեն և ուրախանում են մեզ համար: Եթե նկատել եք, ես սոցիալական ցանցերում գերակտիվ մարդկանցից չեմ, իհարկե, երբեմն լուսանկարներ հրապարակում եմ, չնայած մասնագիտությամբ դերասանուհի եմ, ինչը ենթադրում է ավելի շատ ուշադրության կենտրոնում լինել, բայց իմ բնավորությունը և իմ մասնագիտությունն իրար չեն համապատասխանում: Ես չեմ սիրում ուշադրության կենտրոնում լինեմ, մանավանդ անձնական թեմաներով»:
Դիանայի խոսքով՝ սիրելիի մեջ գնահատում է իր տեսակը: Ասում է՝ սիրելին իր համար շատ բաների է պատրաստ, չնայած դրա պատասխան էլ է անձնական համարում. «Ամեն դեպքում գերել է ինձ, որ որոշել եմ նշանադրվել»:
Չնայած սիրելին չի արգելում սերիալներում նկարահանվել, բայց, ինչպես Դիանան է նշում, յուրաքանչյուր աղջկա կյանքում կա շրջան, երբ առաջին պլան մղվում է անձնական կյանքը: «Ինձ մոտ հիմա այդ շրջանն է, և ես միշտ ասել եմ, որ ինձ համար միշտ առաջնայինն անձնականն է, ընտանիքի ստեղծումը: Հիմա էլ եմ ասում՝ ինձ համար առաջնայինն ընտանիքն է, այս պահին՝ առավել ևս: Ես կարիերիստ չեմ, իրականում մեր ոլորտն այն մակարդակի չէ, որ մտածես՝ կարիերա՞, թե՞ ընտանիք»:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում