Գերմանիայի Լյուդվիգ-Մաքսիմիլիանի համալսարանի գիտնականները բացահայտել են մաշկի քաղցկեղի զարգացման առանցքային մեխանիզմը: Նրանք պարզել են, թե ինչպես է որոշակի սպիտակուցի եւ էնդոլիզոսոմային իոնային ալիքի միջեւ փոխազդեցությունը նպաստում մելանոմայի՝ մաշկի ուռուցքի ամենաագրեսիվ ձեւի, զարգացմանը։ Նրանց աշխատանքի արդյունքները հրապարակվել են Nature Communications ամսագրում։
Գիտնականների հիմնական ուշադրությունը կենտրոնացած էր TPS 2 իոնային ալիքի և Rab7a ֆերմենտի վրա: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այս երկու սպիտակուցների փոխազդեցությունը առանցքային նշանակություն ունի մելանոմայի աճի և մետաստազների գործընթացում: TPC2 իոնային ալիքը կարևոր դեր է խաղում էնդոլիզոսոմներում սպիտակուցների քայքայման վերահսկման գործում, իսկ Rab7a-ն հանդես է գալիս որպես էնդոլիզոսոմային համակարգի կարգավորիչ: Այս սպիտակուցները կարգավորում են ազդանշանային ուղիները, որոնք ազդում են ուռուցքների զարգացման վրա:
Այս փոխազդեցության մեխանիզմներն ուսումնասիրելու համար հետազոտողները օգտագործել են մի քանի ժամանակակից մեթոդներ: Դրանց թվում են էնդոլիզոսոմային պետչ-կլամպի էլեկտրոֆիզիոլոգիան և լյումինեսցենտային մանրադիտակը, որոնք թույլ են տալիս չափել լիզոսոմային կալցիումի արտազատումը: Այս տեխնոլոգիաները հնարավորություն տվեցին ճշգրիտ որոշել TPC2 և Rab7a սպիտակուցների միջև ֆունկցիոնալ կապը:
Ստացված տվյալները ցույց են տվել, որ Rab7a-ի ակտիվությունը ուժեղացնում է TPC 2-ի աշխատանքը, ինչը նպաստում է մելանոմայի բջիջների ինվազիվ աճին: Ընդ որում TPC2-ի ակտիվությունը բարձրացնող մուտացիաները կապված են մելանոմայի նկատմամբ զգայունությունը բարձրացնող հատկությունների հետ, ինչպիսիք են բաց մաշկն ու մազերը: Ի հակադրություն, Rab7a-ի գործունեության արգելակումը հանգեցնում է TPC2 -ի ակտիվության նվազմանը և ուռուցքների աճի նվազմանը:
Մկների մոդելների ուսումնասիրությունները հաստատել են այս փոխազդեցության կարևորությունը: Մկները, որոնց մոտ բացակայում էր Rab7a-ն կամ TPC 2-ը, ցույց տվեցին ուռուցքի չափի և մետաստազների քանակի նկատելի նվազում: Սա վկայում է, որ այդ սպիտակուցների փոխազդեցությունը կարևոր նշանակություն ունի մելանոմայի առաջընթացի համար:
Ուսումնասիրության եզրակացությունները մատնանշում են նոր թերապևտիկ մոտեցումների մշակման հեռանկարները, որոնք ուղղված են TPC2-ով և Rab7a-ով կարգավորվող հատուկ ազդանշանային ուղիներին: Սա կարող է կարևոր քայլ լինել մելանոմայի դեմ պայքարի ավելի արդյունավետ մեթոդներ ստեղծելու և դրա տարածումը կանխելու համար: