Երեկ՝ օգոստոսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 25-ամյա Մովսես Ծ.-ն իր վարած «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայով Գորիս-Շինուհայր ավտոճանապարհի 14 կմ հատվածում բախվել է Սյունիքի մարզի բնակիչ 28-ամյա Լյուդվիգ Փ.-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենային:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Լյուդվիգ Փ.-ն, նրա ուղևորներ, Սյունիքի մարզի բնակիչներ 35-ամյա Ադամ Խ-.ն և 28-ամյա Կարեն Փ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գորիս» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու Գորիսի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Դեպքի մասին ոստիկանության Գորիսի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Գրիգորյանի գլխավորությամբ:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Գորիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ 3 վիրավորներից Լյուդվիգ Փ.-ն և Կարեն Փ.-ն հարազատ եղբայրներ են: