Մեծամորի գյուղերից մեկում շան կծելուց 40 օր անց 2.5 տարեկան երեխան կատաղության վիրուսից մահացել է


Մեծամորի գյուղերից մեկում շան կծելուց 40 օր անց 2.5 տարեկան երեխան կատաղության վիրուսից մահացել է
Օգոստոս 20 23:07 2025

Մեծամոր համայնքի Ակնալիճ գյուղում շան կծելու հետևանքով առաջացած կատաղություն հիվանդությունից արձանագրվել է 2.5 տարեկան երեխայի մահվան դեպք։ Դեպքի մասին հայտնում է NEWS.am-ը։

«Խելոք երեխա էր։ Շունը հայաթում ա եղել, երեխա ա, կարող է մոտ ա գնացել, կծել էր երեխուն»,-պատմել է հարևանուհին։

Դեպքից հետո երեխային կատաղության դեմ չեն պատվաստել։ Հարևանները պատմում են՝ երեխան հոգատար ծնողներ ունի, պարզապես չեն պատկերացրել, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ շան կծածը։

«5 երեխա ունեն, շատ կոկիկ, լավ ընտանիք են։ Ուշադիր, հոգատար են երեխեքի հանդեպ»,- նշեց հարևանուհիներից մեկը։

Երեխան հիվանդանոց է տեղափոխվել դեպքից 40 օր անց՝ օգոստոսի 15-ին՝ բարձր ջերմությամբ, դողով ու սարսուռով։ Ախտորոշվել է կատաղություն։

Սուրբ Աստվածամայր ԲԿ վերակենդանացման ծառայության ղեկավար Իգոր Նալչաջյանի խոսքով՝ երեխայի վիճակը գնալով էլ ավելի է վատացել, սկսվել են շնչառական խանգարումներ, սրտի աշխատանքի խանգարում, ինտուբացվել է, միացվել է արհեստական շնչառական սարքին։ Հիվանդանոցում երեխայի մոտ երկու անգամ արձանագրվել է սրտի կանգ։ Երկրորդի ժամանակ բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։

«Կատաղության վիրուսն է, որն ախտահարում է կենտրոնական նյարդային համակարգը։ Բժշկի չեն դիմել ընդհանրապես, մտածել են՝ մեծ վերք չի, հարևանի շունն է, թեթև վնասվածք է»,– NEWS.am-ի հետ զրույցում տեղեկացրեց բժիշկը։

Նա խորհուրդ է տալիս նման դեպքերում անհապաղ դիմել մասնագետի։

«Շուն, թե ցանկացած այլ կենդանի եթե կծում է, պիտի անպայման դիմել բուժհաստատություն, այնտեղ արդեն կորոշեն թե պատվաստման ձևերը, թե սխեմաները», – նշել է նա։

Երեխային, ամենայն հավանակնությամբ, կծել է թափառող շներից մեկը, որոնց թիվը, ինչպես տեղացիներն են պատմում, գյուղում շատ մեծ է։ Ակնալիճ գյուղի վարչական ղեկավար Շողիկ Մուրադյանը հայտնել է, որ նախքան այս դեպքը թափառող շների վերաբերյալ ահազանգեր չեն եղել։

Մահացած երեխայի եղբայրը՝ 6 տարեկան, այս պահին հոսպիտալացված է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում։ Նրա մոտ գանգատներ չկան, սակայն բժիշկների հսկողության տակ է՝ հիվանդության հնարավոր ընթացքը կանխարգելելու նպատակով։ Հիվանդանոցից NEWS.am-ին հայտնել են, որ կատաղության դրսևորումներ չկան, և երեխայի վիճակը կայուն է։

Առողջապահության նախարարությունը հորդորում է շան կամ որևէ կենդանու կծելու դեպքում դիմել տեղամասային բուժհաստատություն։ Ըստ նախարարության՝ բոլոր հաստատությունները բավարար չափով ապահովված են կատաղության դեմ պատվաստանյութով։