Ռոնալդուն` օպերատորին. Տեսախցիկդ պահիր ոչ թե իմ, այլ` խաղի վրա


Ռոնալդուն` օպերատորին. Տեսախցիկդ պահիր ոչ թե իմ, այլ` խաղի վրա
Փետրվար 4 15:48 2018

Իսպանիայի առաջնության 22-րդ տուրի` «Լևանտե»-«Ռեալ» խաղի 82-րդ րոպեին Զինեդին Զիդանը փոխարինել է հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին` նրա փոխարեն դաշտ դուրս բերելով Մարկո Ասենսիոյին:

Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողին ընդամենը մեկ անգամ էին փոխարինել` «Սևիլիայի» հետ խաղում, երբ հաշիվը 5:0 էր մադրիդցիների օգտին:

Այս անգամ մադրիդյան թիմի առավելությունը նվազագույնն էր (2:1), իսկ խաղը` լարված: Բայց ամենաանսովորը տեղի է ունեցել հետո: Ռոնալդուն նկատել է,որ օպերատորներից մեկը նկարահանում է, թե ինչպես է ինքը նստում պահեստայինների նստարանին, և զայրացել է:

Նա բղավել է. «Ինձ նկարելու կարիք չկա: Տեսախցիկդ ուղղիր խաղին, նկարահանիր խաղը: Կենտրոնացիր խաղի վրա»:

Այս փոխարինումից մի քանի րոպե անց «Ռեալը» երկրորդ գոլն է ընդունել և մրցաշրջանի ընթացքում հերթական անգամ միավորներ կորցրել:

«Արքայական ակումբն» Իսպանիայի առաջնության վերջին 6 խաղերից միայն երկուսում է հաղթել և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը` առաջատար «Բարսելոնային» զիջելով 18 միավորով: