ՀՀԿ-ական գյուղապետը, նրա կինը, և բժշկական կենտրոնի տնօրենը փորձել են խլել Armday.am-ի լրագրող Փայլակ Ֆահրադյանի տեսախցիկը, նրան փակի տակ պահել:
Միջադեպը տեղի է ունեցել Վայոց Ձորի Շատին համայնքի բժշկական կենտրոնում: Armday.am-ի լրագրողի հարցադրումները դուր չեն եկել բժշկական կենտրոնի տնօրենին եւ վերջինս քրոջ հետ, ով նույն կենտրոնի բժշկուհի է փորձել են խլել Փայլակ Ֆահրադյանի տեսախցիկը եւ կրիչը ջնջել, ապա ներս են կանչել դրսում գտնվող Քարագլուխ համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանին, ով բժշկուհու ամուսինն է, եւ լրագրողին փակել հիվանդասենյակում: Ներկայացնում ենք միջադեպի վերաբերյալ տեսանյութից հատված առանց մեկնաբանության:
Armday.am-ի լրագրողի գործունեությունը խոչընդոտելու փաստով հարուցվել է քրեական գործ:
Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի գլխավոր դատախազությունը: <Նկատի ունենալով, որ նախապատրաստվող նյութերում առերևույթ առկա են լրագրողի օրինական մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու հատկանիշներ՝ Վայոց Ձորի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով: Փայլակ Ֆահրադյանը ճանաչվել է տուժող:Նախաքննություն կատարելու և դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն>,- ասված է դատախազության տարածած հաղորդագրությունում: Լրագրողի գործունեությունը խոչընդոտելու միջադեպը դատապարտել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը:
«Անելիքները շատ են». Սերժ Սարգսյանն անդրադարձել է Երեւանի կենտրոնում աղմկահարույց դեպքերին:
Իրավապահ ոլորտում անելիքները շատ են. վերջին ամիսներին տարբեր մարզերում, ինչպես նաեւ մայրաքաղաքի կենտրոնում տեղի ունեցած աղմկահարույց դեպքերը վկայում են դրա մասին: Այս մասին, այսօր Քննչական կոմիտեի կոլեգիայի հանդիսավոր նիստի ժամանակ իր ելույթում նշել է Սերժ Սարգսյանը: Վերջինս ասել է, որ այս գործերով պետք է իրականացվի մանրակրկիտ, համակողմանի եւ անաչառ քննություն՝ կատարվածի բոլոր մանրամասները պարզելու, բոլոր հանգամանքները պարզելու, բոլոր մեղավորներին հայտնաբերելու եւ պատասխանատվության ենթարկելու համար:
Ազգային Ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը կարծում է, որ Սերժ Սարգսյանը մշտապես պետք է լինի քաղաքական արենայում:
Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամին ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը լրագրողների՝ 2018 թվականի վարչապետի հնարավոր թեկնածուի վերաբերյալ հարցադրումներին ասել է, որ դեռեւս ժամանակ կա եւ քննարկումներ կուսակցությունը չի սկսել: Հարցին, թե չի բացառում, որ անվտանգության նկատառումներից ելնելով Սերժ Սարգսյանը լինի վարչապետ, ՀՀԿ խմբակցության ղեկավարն արձագանքել է. «Քաղաքականության մեջ ոչինչ չեմ բացառում, ինքը մեր քաղաքական թիմի առաջնորդն է ու միշտ պիտի լինի արենայում և ամենացայտուն քաղաքական գործիչներից մեկն է»:
Ահելի եւ ջահելի պատմություն: Քաղաքական գործիչները՝ Փաշինյան- Գեղամյան միջադեպի մասին:
Անցնող շաբաթ խորհրդարանում միջադեպ տեղի ունեցավ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի եւ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի միջեւ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը տեղի ունեցածը որակել է մի ահելի եւ ջահելի պատմություն: Նիկոլ Փաշինյանն էլ նշել է, որ միջնորդելու են որպեսզի ստեղծվի ԱԺ էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով, որպեսզի քննարկվի Գեղամյանի վարքագիծը: Չի բացառվում, որ ընդդիմադիր խմբակցությունը բարձրացնի նաեւ Գեղամյանին՝ պատգամավորական մանդատից զրկելու հարցը: