ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանն ընդգծում է՝ չպետք է տուրք տալ մանիպուլյացիաներին ու հավատալ տարածվող կեղծ թեզերին, իբրև պաշտոնական Բաքուն «հրաժարվում է» իր իսկ հորինած «Արևմտյան Ադրբեջանի» ծրագրից կամ ադրբեջանցիների՝ Հայաստանում բնակություն հաստատելու մտադրությունից ու պահանջից, որը ՀՀ գործող իշխանությանն է ներկայացնում։ Վարդան Ոսկանյանը ադրբեջանական իշխանությունների քարոզչական գործիքը հանդիսացող «լրատվամիջոցից» կոնկրետ մեջբերում է ներկայացրել ու կից գրել․
«Հայաստանյան հանրությանը փորձում են մոլորեցնել, թե Արցախի հայության վերադարձի իրավունքից հրաժարումն, իբր, զուգաչափ արձագանք է գտել նաև Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից, որն, իբր, հրաժարվել է, այսպես կոչված, «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» պահանջից կամ դա առաջ չի մղելու։
Իրականում նման որևէ ազդանշան չկա։ Ընդհակառակը՝ հենց նույն Բաքվի բարբարոսական քարոզչամեքենայի ամենատխրահռչակ ռեսուրսներից մեկը բացահայտորեն խոստովանում է, որ դա ոչ միայն այդպես չէ, այլ նաև «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ։
Պատրանքներով և մոլորություններով ապրելը միգուցե հեշտ է, բայց դրանից մարտահրավերներով լեցուն իրականությունը չի փոխվում»։