ՀՀ ԱԳՆ-ն ամփոփել է Վաշինգտոնի գագաթնաժողովից հետո Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցները


ՀՀ ԱԳՆ-ն ամփոփել է Վաշինգտոնի գագաթնաժողովից հետո Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցները
Օգոստոս 16 19:18 2025

Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը X-ի միկրոբլոգում ամփոփել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ վաշինգտոնյան բանակցություններին հաջորդած հեռախոսազրույցները։

«Վաշինգտոնի գագաթնաժողովից հետո ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը բանակցություններ է վարել Իրանի, Վրաստանի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Ղազախստանի իր գործընկերների, ինչպես նաև Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի և  անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի հետ ՝ քննարկելով Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի և ԱՄՆ նախագահների կողմից ստորագրված եռակողմ հռչակագրում արտացոլված և ձեռք բերված պայմանավորվածությունները:

ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել պատմական իրադարձության, այդ թվում՝ Խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը ողջունելու և գործընթացին աջակցելու համար։

Տեղի է ունեցել հեռախոսազրույց նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև, որի ընթացքում քննարկվել են հռչակագրի իրականացման և վստահության ամրապնդման միջոցառումները»։