2018-2025 թվականների հակապետական քաղաքականության արդյունքում Հայաստանի Երրորդ Հանրապետությունը աստիճանաբար դադարում է գոյություն ունենալ


2018-2025 թվականների հակապետական քաղաքականության արդյունքում Հայաստանի Երրորդ Հանրապետությունը աստիճանաբար դադարում է գոյություն ունենալ
Օգոստոս 6 18:05 2025

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի հրապարակումը․

«2018-2025 թթ․ հակապետական քաղաքականության արդյունքում Հայաստանի Երրորդ Հանրապետությունը աստիճանաբար դադարում է գոյություն ունենալ։

Փաստացի ու դժբախտաբար, Հայաստանում չկա ինքնիշխան պետականություն։ Ֆորմալ առումով այն կա, բայց իրականում՝ ոչ։

Փաշինյանի «կառավարությունն» ինձ հիշեցնում է մարշալ Պետենի գլխավորությամբ Վիշիի ռեժիմ-կառավարությունը՝ Ֆրանսիայում (1940-1944): Մի տարբերություն կա ընդամենը Վիշիի ռեժիմի ու Փաշինյանի ռեժիմի միջև. Վիշիի ռեժիմը ենթարկվում էր բացառապես նացիստական Գերմանիային, իսկ նիկոլիզմի ռեժիմը՝ բոլորին. առավոտյան՝ Արևմուտքին, ցերեկը՝ Հյուսիսին, գիշերը՝ Թուրքիային։ Մնացածը  գրեթե նույնն է։

Թե՛ առաջին, և  թե՛ երկրորդ դեպքում ազգակործան զիջումները արդարացվում են «խաղաղության դարաշրջանով»։ Թե՛ Պետենի Ֆրանսիայում, և թե՛ Փաշինյանի Հայաստանում զվարճանքի, համերգների ու անհոգ «կայֆարիկների» պակաս չկար։ Մի կողմից անկում է ապրում ազգային պետականությունը,  իսկ մյուս կողմից՝ տեսարաններ ու տեսարաններ։

Բայց Ֆրանսիան չհանդուրժեց հակազգային ու հակապետական Վիշիի ռեժիմը՝ համախմբվելով Շառլ դը Գոլի շուրջ ու ընտրելով պետություն ունենալու ճանապարհը։ Ֆրանսիացին ապացուցեց, որ արժանի չէ ընկածի կարգավիճակին ու հաղթեց իր մեջ պարտվածին։ Ֆրանսիան հաղթեց կոլլաբորացիոնիստ Պետենին նաև ԽՍՀՄ, ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի աջակցության արդյունքում։

Աշխարհի մեծերն աջակցեցին Ֆրանսիայի անկախության պայքարին, քանի որ ֆրանսիական ազգը Դը Գոլի գլխավորությամբ որոշեց ոչ թե հնազանդվել, այլ ՝պայքարել նացիզմի և նրա «վեցնոց» Վիշիի ռեժիմի դեմ։

Մինչև «հայկական Վիշիի ռեժիմը» չհեռացվի, որևէ լավ բան մի սպասեք։

Շատերը հարցնում են՝ հիմա վե՞րջ։ Իհարկե՝ ոչ։

Անկախ հայրենիք ունենալու համար  պետք է վաստակել անկախ ապրելու իրավունքը։

Իսկ արժանի՞ ենք մենք անկախ ու ինքնիշխան հայրենիքի։

Արցախն Ադրբեջանի մաս ճանաչողը, Նիկոլին ձայն տվողը, Արարատից հրաժարվողը, Բաքվի բանտերում հայ գերիների ճակատագրով չտառապողն ու Հայաստանը միջանցք դարձնողը որքանո՞վ է արժանի անկախ պետականության»։