Խոշոր հրդեհ՝ Վաղարշապատ քաղաքում․ հրշեջները տարհանել են 7 քաղաքացու, 6-ին՝ ավտոզամբյուղի կիրառմամբ


Խոշոր հրդեհ՝ Վաղարշապատ քաղաքում․ հրշեջները տարհանել են 7 քաղաքացու, 6-ին՝ ավտոզամբյուղի կիրառմամբ
Օգոստոս 6 10:01 2025

Այսօր՝ օգոստոսի 6-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 06։40-ի սահմաներում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վաղարշապատ քաղաքի Սպանդարյան փողոցի թիվ 28 շենքի 3-րդ և 4-րդ հարկերի բնակարաններից մեկում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և Արմավիրի մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից 4 մարտական հաշվարկ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը և մեկ ավտոսանդուղք։

Ըստ նախնական տվյալների՝ հրդեհը բռնկվել է շենքի երրորդ հարկի բնակարաններից մեկում։

Հրշեջ փրկարարները տարհանել են 7 քաղաքացու, 6-ին քաղաքացիական ավտոզամբյուղի կիրառմամբ (6 քաղաքացիներից 3-ը երեխաներ են)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։23-ին, մարվել՝ ժամը 07։39-ին։  Այրվել է 75 ք․մ ընդհանուր մակերեսով բնակարանի 50 ք․մ՝ գույքով:

Փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի ննջարաններ (բնակարանը 3 սենյականոց է)։  Հրդեհը ընդգրկել է հյուրասենյակը, նախասրահը և պատշգամբը։ Տուժածներ չկան։

Դեպքի վայրում հրշեջների աշխատանքները դեկավարել է Արմավիրի ՄՓՎ պետ Գևորգ Հակոբյանը։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է 19 փրկարարական ծառայող։