Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործը դատարան է ուղարկվել, Aysor.am-ին այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից:
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի՝ Միքայել Սրբազանը զանգվածային լրատվության միջոցներն օգտագործելով՝ կատարել է իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր:
Միքայել Սրբազանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը):
Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:
Հիշեցնենք՝ հուլիսի 30-ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը մերժել էր առաջին ատյանի դատարանի դատավորի՝ կալանք կիրառելու մասին որոշման դեմ Միքայել Սրբազանի պաշտպանների բողոքները:
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը նամակ էր հղել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից՝ նշելով. «Տերը միշտ հաղթում է, հաղթելու է նաև այժմ՝ գուցե և ինձ նման անարժան ծառաների միջոցով, սակայն չի ներելու ողորմելի կամակատարներին, ովքեր շատ էլ լավ գիտեն, թե ինչ են անում»։