«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ի ջարդարարների վարքը՝ ընդդիմադիր պատգամավորներին ծեծելու հրապարակային փաստը, ՀՀ դատախազությունը այստեղից այնտեղ է ուղարկում։
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական գրություն է ստացել Երեւանի դատախազի տեղակալ Ա. Վարդանյանից: Մասնավորապես, գրության մեջ նշվում է, որ հուլիսին 9-ին «Ժողովուրդ» օրաթերթի կողմից գլխավոր դատախազին հասցեագրված հանցանքի մասին հաղորդումը, Երեւան քաղաքի դատախազությանը վերահասցեագրված դիմումը այս անգամ էլ ուղարկվում է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ Հ. Մանանդյանին՝ ստուգողական գործողություններ կատարելու նպատակով։
Իսկ վարչական շրջանների դատախազի տեղակալ Հ. Մանասյանն էլ գրություն է ուղարկել ՆԳՆ ոստիկանության համայնքային Արաբկիրի բաժնի պետ Ռ. Ներսիսյանին՝ ստուգողական գործողություններ կատարելու նպատակով։ Ասել է թե՝ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի դատախազությունը եւ Արաբկիրի ոստիկանությունը ստուգում են ԱԺ դահլիճում ուղիղ եթերով ցուցադրված ՔՊ-ականների ծեծը։
Հարց է առաջանում՝ ինչ ստուգողական գործողություններ են անում կամ անելու, երբ ամեն ինչ ակնհայտ է, կան բազմաթիվ տեսանյութեր, որոնցից «Ժողովուրդ» օրաթերթը նաեւ հաղորդմանը կից ուղարկել է Դատախազություն՝ մնում է անհասկանալի:
Հիշեցնենք՝ հուլիսի 8-ին, երբ իշխանական պատգամավորներն իրենց գործիքը դարձրին բռունցքը, իսկ խոսքի իրավունքը՝ թշնամի, հարձակվեցին ընդդիմադիրների վրա, բռնություն գործադրեցին հենց նիստերի դահլիճում, հայհոյեցին ու ծեծեցին, այդ ֆոնին մի մարդ, որն ամբողջ երկրի անունից պատասխանատու է արդարության համար, անշարժ կանգնած էր. նա գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն էր, որը տեսավ ամեն ինչ, բայց լռեց։
«Ժողովուրդ» օրաթերթը արդեն հուլիսի 9-ին պաշտոնապես հաղորդում էր ներկայացրել նույն գլխավոր դատախազին՝ պահանջելով քննել հանցագործության փաստը։ Մեր ներկայացրած հաղորդման մեջ հստակ անուններով նշվել են իշխանական այն պատգամավորները, որոնք ներգրավված էին ֆիզիկական եւ բարոյական բռնության դրսեւորման մեջ։
Ստորեւ՝ տեսանյութի մեջ, ջարդարարները ներկայացված են անուն առ անուն. հետաքրքիր է՝ սրա ինչն են ստուգում իրավապահները: