Հայոց Հայրապետն ունի առողջ հավատք, զորեղ հոգևոր կյանք, աստվածատուր տեսիլք՝ զերծ «երկարամորուս» կեղծավոր ձևապաշտություններից. Տեր Ասողիկ


Հայոց Հայրապետն ունի առողջ հավատք, զորեղ հոգևոր կյանք, աստվածատուր տեսիլք՝ զերծ «երկարամորուս» կեղծավոր ձևապաշտություններից. Տեր Ասողիկ
Հուլիս 17 20:25 2025

Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանը գրում է․

 

«ՀԱՆՈՒՆ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ

 

Սիրելիներ՝ ծանոթներ և անծանոթներ,

 

Այս էլ կասեմ և կլռեմ, քանի որ այս ծով անարդարության ու կեղծիքի մեջ պետք է միշտ բա՛րձր հնչի ձայնը ճշմարտության:

 

Գիտեք, թե ինչո՞ւ են հարձակվում հենց Նորին Սուրբ Օծություն Տ. Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի վրա՝ անհեթեթություններ դուրս տալով ու զազրախոսելով, և այդ ամենը կազմակերպված կերպով տարածելով: Որոշներ, հայտնի ու անհայտ շրջանակներից, ընկնավորվում են՝ լսելով Հայոց Հայրապետի նվիրական անունը, քանզի՝

 

ա. Հայոց Հայրապետն ունի առողջ հավատք, զորեղ հոգևոր կյանք, աստվածատուր տեսիլք՝ զերծ ամեն տեսակ կրոնական մոլեռանդություններից ու «երկարամորուս» կեղծավոր ձևապաշտություններից.

 

բ. Իր շնորհալի ու լուսավոր նախորդների նման քայլում է ժամանակին համընթաց՝ ամեն նորն ու լավը, պատշաճն ու վայելուչը ծառայեցնելով հավատքին, հոգևոր կյանքին, հոգևորականության առաջադիմությանն ու Սբ Եկեղեցու՝ որպես կառույց, զորացմանը՝ այդ ամենը միշտ միայն ու միայն ի վայելումն հայոց ազգի.

 

գ. Որպես Կաթողիկոս ամրացրել ու ամուր է պահում Հայոց Եկեղեցու ինքնիշխանությունը, միջեկեղեցական ու միջազգային հեղինակությունը, իրեն հատուկ սրտացավությամբ, իմաստությամբ և կարողությամբ, ի մի բերելով ազգային բարերարներին, համալրել է Հայոց Եկեղեցու և Մայր Աթոռի նյութական միջոցները.

 

գ. Անդրդվելի կերպով տեր է կանգնել Հայոց Եկեղեցու աշխարհասփյուռ հոգևոր ու նյութական, կալվածական ժառանգությանը՝ բռնելով այն եկեղեցավնաս ու ազգադավ ձեռքերը, որոնք օտարում ու մսխում էին համայնքային ու թեմական միջոցները, պատմական կալվածքները.

 

դ. Ճեմարանական բարձրագույն դպրոցում կրթյալ և դաստիարակյալ հոգևոր նոր սպասավորներով՝ շենացրել ու վերակենդանացրել է Հայոց Եկեղեցու հայրենական ու աշխարհասփյուռ ծուխերն ու հովվությունները.

 

ե. Ամեն ջանք գործադրել է, որ Մայր Հայաստանում հոգևոր արթնությունն ու դաստիարակությունը սփռվի ընտանիքում, դպրոցում, բանակում և կյանքի բոլոր ոլորտներում, որպեսզի Հայոց պետությունն ու ազգը լինեն զորեղ, լուսավոր և տեր իրենց անցյալին, ներկային ու գալիքին.

 

զ. Բացառապես ազգային բարերարների հովանավորությամբ ծավալել է բծախնդիր եկեղեցաշինություն՝ հայաստանյան և Սփյուռքի համայնքները ծաղկեցնելով աղոթքի ու պաշտամունքի սուրբ տներով, վերանորոգելով ու վերակենդանացնելով նաև որոշ հինավուրց եկեղեցիներ ու վանական համալիրներ.

 

է. Ընդարձակել ու սքանչելիորեն պայծառացրել է աշխարհի հնագույն կրոնական կենտրոններից մեկը՝ համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը:

 

Կարելի է տակավին երկար գրել Նորին Սրբություն Տ. Տ. Գարեգին Վեհափառ Հայրապետի կյանքի ու առաքելության մասին:

 

132-րդ Հայոց Հայրապետի աստվածսիրությունը ճառագում է նրա ազգասիությամբ ու հայրենասիրությամբ, իսկ այս լույսը, արդարև, խավարահալած է:

 

Պարզապես, անկարելի է լռել և թույլ տալ, որ տարածվի սուտն ու թույնը՝ տարիներով գործված ու պատրաստված:

 

Հայոց Հայրապետն իր անձով, իր կյանքով և իր առաքելությամբ կերտել է պատմություն, ՄԵԾ ԱՎԱՆԴ, որն անջնջելի է մեր Ազգային տարեգրության մատյանից և օրինակելի է ներկա ու գալիք սերունդների համար»: