«Իրավունք» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքից դուրս եկավ ու պարզեց, որ իրեն աջակցում են միայն թշնամական պետության մեջ՝ այն էլ միայն թշնամիները ու մեկ էլ հայ կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչները:
«Իրավունք»-ի տեղեկություններով՝ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում Նիկոլ Փաշինյանի հանդիպումը տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ անցկացվել է ակնհայտ սառնությամբ ու առանց Հայ Առաքելական Եկեղեցու ներկայության։ Պոլսո Հայոց Պատրիարքարանը բացահայտորեն մերժել է Փաշինյանի հրավերը՝ չմասնակցելով նրա հետ հանդիպմանը ո՛չ հոգեւորականների, ո՛չ էլ աշխարհիկ եկեղեցասեր ներկայացուցիչների մակարդակով։ Հանդիպմանը հատուկենտ մարդիկ են բերվել՝ լուսանկար ստանալու համար: Ավելին՝ ինչպես ավելի վաղ նշել էինք, Պատրիարք Գերաշնորհ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանն այս օրերին անգամ Թուրքիայում չի եղել, այլ Միացյալ Նահանգներում է: Ընդ որում՝ Սուրբ Աստվածածին աթոռանիստ մայր եկեղեցում էլ Փաշինյանին դիմավորող, անգամ բարև տվող հոգեւորական կրկին չի գտնվել:
Այն փաստը, որ նույնիսկ հրավիրված լինելով՝ պատրիարքարանը բացակայում էր հանդիպումից ուղիղ մերժում է ո՛չ միայն Փաշինյանին, այլ նաեւ նրա վարած քաղաքական գծին։ Սակայն, պաշտոնական տարածած լուսանկարներում եւ տեսանյութերում երեւում է հանդիպմանը ներկա միակ հոգեւորականը՝ Վարդան ծայրագույն վարդապետ Ղազանչյանը՝ ՔՊ լոգոյով «Խաղաղության խաչմերուկ» թղթապանակը թեւի տակ, որը ոչ թե Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչ է, այլ Կաթոլիկ համայնքի։ Նա հանդիսանում է Թուրքիայի կաթողիկէ հայոց Պատրիարքական կառավարիչը։ Եվ այստեղ է, որ առնվազն հայ կաթոլիկները պիտի իրենք իրենց հարց տան, թե արդյոք իրենց էր ներկայացնում սույն վարդապետը, թե ինքն իրեն…