Արդեն երկրորդ օրն է, ինչ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը հետապնդման է ենթարկվում իշխանությունների կողմից։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին սատարող հայտարարությունից հետո երեկ իշխանությունը հետապնդում սկսեց Կարապետյանի նկատմամբ։ Նախ Ազգային ժողովում Փաշինյանի հրահանգով ՔՊ-ականները սկսեցին ելույթներ ունենալ, ապա իրավապահները գնացին Սամվել Կարապետյանի առանձնատուն՝ նրան բերման ենթարկելու։
Գիշերը՝ ժամը 3-ի սահմաններում, Կարապետյանը փոխոստիկանապետի ուղեկցությամբ մեքենայով տեղափոխվեց ոստիկանական բաժին, իսկ հետո՝ Քննչական կոմիտե։ Նա կարճ հայտարարություն արեց լրագրողների հետ զրույցում՝ նշելով. «Թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց ՀԷՑ–ի վրա էլ»։
Վաղ առավոտյան էլ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին ազատել է պաշտոնից։ Ազատման պատճառն այն է, որ Աբազյանը հրաժարվել է կատարել Փաշինյանի հրահանգն ու շոու չի արել Կարապետյանի տան առջև։
Երեկվանից, ի աջակցություն Սամվել Կարապետյանի, մի շարք հայտարարություններ են եղել։ Կարապետյանին աջակցություն են հայտնել հասարակական-քաղաքական գործիչներ, Մայր Աթոռը, ռուս հայտնի գործիչներ, երգիչներ, մարզիկներ և այլք։
Ռուս կոմպոզիտոր Իգոր Կրուտոյը տեսաուղերձ է հղել՝ ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի՝ ընդգծելով թե ապշած է, որ խուզարկություններ են ընթանում իր ընկերոջ տանը միայն նրա համար, որ աջակցել է եկեղեցուն և ժողովրդին։
«Այդ ե՞րբ է դա հանցագործություն դարձել։ Կարծում եմ՝ մարդիկ, ովքեր տվել են այս հրամանը և ովքեր կատարել են այն, կանցնի մի որոշ ժամանակ և կամաչեն դրա համար: Քանի դեռ ուշ չէ՝ ուշքի եկեք, օգնեք և աջակցեք Սամվել Կարապետյանին։ Հուսով եմ, որ առողջ բանականությունը կհաղթի»,- նշել է նա։
Կարապետյանին աջակցություն է հայտնել Ֆիլիպ Կիրկորովը։ «Սամվել Սարգիսովիչ, միայն առաջ։ Մենք Ձեզ հետ ենք»,- նշել է հայտնի երգիչը։
UFC թեթև քաշային կարգի վարկանիշի առաջին համար Արման Ծառուկյանը հայտարարել է՝ Սամվել Կարապետյանը շատ արժանավոր մարդ է և իր ժողովրդի իսկական զավակ։
«Մենք բոլորս հպարտանում ենք նրանով՝ նրա ազնվությամբ, նրա գործերով, ճշմարտությունն ասելու նրա քաջությամբ»,- ասել է Ծառուկյանը։
Սամվել Կարապետյանին աջակցություն են հայտնել նաև հայտնի երգիչներ Արկադի և Արիկ Դումիկյանները. «Արժանավոր մարդ և արժանավոր հայ»։
Այսօր Քննչական կոմիտե էր գնացել նաև հայտնի երգիչ Ռազմիկ Ամյանը՝ ի աջակցություն Կարապետյանի։
«Ես այստեղ եմ, որ կանգնեմ պարոն Կարապետյանի կողքին, ուզում ենք` մեկ վայրկյան շուտ նրան ազատության մեջ տեսնել։ Համաձայն եմ իր ամեն մի ասած բառի հետ»,- նշել է Ամյանը։