Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը, լրագրողների հետ զրույցում խոսեց ձևավորվող «Մեր ձևով» շարժման հետագա անելիքների մասին։ Նա նշեց՝ առաջնային նպատակը մասնագետների ներգրավումն է, որոնք պետք է տեսակետ ներկայացնեն այս կամ այն ոլորտի բարեփոխման վերաբերյալ։
«Շարժումը պետք է ներկայացնի այն առաջնահերթությունները, որոնք պետությանը, ժողովրդին պետք են՝ փոփոխությունների համար, որից հետո արդեն կգա քաղաքական հանգուցալուծումը, որը վաղ, թե ուշ, լինելու է, սակայն մենք պետք է առաջարկ ունենանք մարդկանց»,- ասաց Կարապետյանը։
Ներքաղաքական զարգացումների համատեքստում նա կարծիք հայտնեց․ «Ամենաիրատեսական ճանապարհը մեր քաղաքական պրոցեսների մեջ՝ ընտրություններն են, պետք է գնանք ընտրությունների։ Իմ կարծիքով՝ մեր հասարակությունը մի փոքր հիասթափվել է փողոցային պայքարից, քանի որ նախկինում եղած փողոցային պայքարները բերել են տխուր հետևանքների»։