ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանը գրել է․
«Հայաստանում ձևավորվել է նորագույն պատմության ամենավտանգավոր երևույթը՝ բարոյականության համակարգային ճգնաժամը։ Իշխանության՝ տարիներ շարունակ իրականացված նպատակային քաղաքականության արդյունքում ոչ միայն խաթարվել են պետական ինստիտուտները, այլև քայքայվել է հանրային բարոյական միջավայրը՝ վերացնելով այն սահմանները, որոնք տարիներով պահում էին ազգային արժանապատվությունն ու արժեհամակարգը։
Այսօր Հայաստանում ամեն ինչ, ինչին երբեմն ասում էին «չի կարելի», դարձել է սովորական՝ մարդու խեղում, բռնություն լրագրողների նկատմամբ, ճնշում ընդդիմախոսների վրա, պետական մարմինների կողմից անձնական ազատությունների ոտնահարում։
Նույնիսկ այնպիսի երևույթներ, որոնք հարյուրամյակներով ընկալվել են որպես մշտական սրբություն, ինչպիսին է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, դարձել են պետական քարոզչության թիրախ։
Բայց պատմությունը ցույց է տալիս, որ բարոյականության և ճշմարտության դեմ պատերազմող ռեժիմները դատապարտված են պարտության։
Հայ ժողովուրդը պատրաստվում է ազգային զարթոնքին, որը լինելու է համաժողովրդական և ներառական։
Այդ զարթոնքին միանալու են ոչ միայն այսօրվա ընդդիմադիրները, այլև նրանք, ովքեր նախկինում լռել են, վախեցել կամ պարտադրվել է լռել։ Այդ թվում՝ ոստիկանները, ովքեր մինչև վերջ չեն կորցրել հայրենիքի և արդարության զգացողությունը։
Սակայն նրանք, ովքեր բռնություն են գործադրել խաղաղ քաղաքացիների նկատմամբ, ինչպես՝ Մերի Մանուկյանի դեպքի ժամանակ, պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության և պատասխան տան օրենքի առաջ։ Անպատժելիության շրջանառվող մոդելը պետք է կոտրվի՝ որպես նախապայման ազգային վերակառուցման։
Այն, ինչ մենք այսօր ապրում ենք, ցավոտ է, բայց ժամանակավոր։
Հայ ժողովրդի պատմությունը լի է վերածննդի օրինակներով։ Եվ ինչպես միշտ, ազգը հաղթելու է, երբ վերադառնա իր արմատներին, հավատքին, արժանապատվությանը և պատասխանատվության զգացումին»։