Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Մետաքսե հակոբյանը գրում է.
«Իմ հայրենիքը լռեց՝ ոչ թե պատերազմից, այլ իշխանությունից
2023-ի սեպտեմբերի 19-ը սոսկ աղետ չէր․ այն խորհրդանիշ դարձավ պետական դավաճանության, երբ ժողովուրդը մնաց առանց հող, առանց ձայն և առանց պաշտպան։ Այսօր մեր ցավը կրկնվում է այլ ժողովրդների հետ հանդիպման մեջ, բայց մեր խաչը մենք ենք միայն կրում։
Հեռահաղորդակցության ընկերության սրահում մի պահի մեջ խտացված էր ամբողջ մեր կորստյան պատմությունը։ Իրանցի միջին տարիքի տղամարդը չէր կարողանում կապ հաստատել հարազատների հետ։ Շունչը կտրվում էր, վախը՝ անթաքույց, իսկ մարդիկ փորձում էին հուսադրել նրան։ Ես լուռ էի։ Ոչ անտարբեր, այլ սառած։ Որովհետև հենց այդ պահին ես նորից Ստեփանակերտում էի։ Նորից 2023-ի սեպտեմբերի 19-ն էր։ Արցախը կտրված էր աշխարհից՝ կապ չկար, տեղեկություն չկար, հույս չկար։ Ես ժամեր շարունակ չգիտեի՝ որտեղ են իմ երեխաները, ողջ են, թե…ոչ ոք ինձ չէր հուսադրում։ Որովհետև ոչ ոք չէր էլ կարող։
Այսօր, երբ տեսնում եմ այլ ժողովուրդների ցասումն ու վախը, ես հասկանում եմ նրանց։ Բայց միևնույն ժամանակ կա մի խորքային տարբերություն՝ նրանց ցավը չի բխում պետական դավաճանությունից։ Մինչդեռ մեզնից խլեցին հայրենիքը՝ մեր իսկ իշխանությունների կամքով։
Այստեղ է տարբերությունը՝ ոչ թե պատերազմի առկայության, այլ՝ պետության բացակայության մեջ։ Երբ պետությունը՝ որպես ինստիտուցիա, վերածվում է թիկունքի փոխարեն ճակատի, երբ խաղաղության դիմաց առաջարկվում է ինքնասպանություն, երբ ողջ մնալու համար մարդը պիտի հրաժարվի ինքնությունից ու բնօրրանից՝ դա այլևս խաղաղություն չէ։ Դա պարտադրված լռություն է…Այդ լռությունը խեղդում է ամեն օր։ Եվ իրանցի տղամարդը, որը չէր կարողանում կապ հաստատել, ինձ համար հերթական հաստատումն էր, որ այս աշխարհում կան պետականություններ, որոնք գուցե անկատար են, բայց չեն դավաճանում իրենց ժողովրդին։ Իսկ մենք, ովքեր վերապրել ենք Արցախյան 2023-ի սեպտեմբերը, գիտենք, թե ինչ է նշանակում, երբ կապ չկա ոչ միայն հեռախոսի մեջ, այլ նաև պետության ու վստահության մեջ։
Այդ կապը մինչ օրս չի վերականգնվել»։
…իսկ իմ առավոտները բացվում են, որովհետև ես պիտի տուն վերադառնամ։ Այնտեղ ես ինձ եմ սպասում…