«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանին նորից հրավիրել են հարցաքննության ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն։ Իրավապահ համակարգին մոտ կանգնած՝ «Ժողովուրդ»-ի աղբյուրները հայտնում են, որ հարցաքննությունը տեղի է ունենալու առաջիկա շաբաթ, նույն քրեական վարույթի շրջանակում, որը վերաբերում է 2020թ․ պատերազմի ընթացքում և դրան հաջորդած ժամանակահատվածում իշխանության կողմից հնարավոր պաշտոնեական անփութության, ինչպես նաև զենք-զինամթերք թշնամուն հանձնելու հանգամանքներին։
Հավելենք, որ ArmLur.am-ը հայտնել էր երեկ, որ վերջին մեկ ամսվա ընթացքում Շահրամանյանը արդեն 5-6 անգամ այցելել է քննչական մարմին՝ վկայի դատավարական կարգավիճակով։ Թեև նրա փաստաբան Ռոման Երիցյանը, հրաժարվել է բացահայտել գործի մանրամասները, միևնույնն է՝ իրավապահ համակարգին մոտ կանգնած շրջանակները հաստատում են, որ գործը խորանում է։
Ավելին, մեր տեղեկություններով՝ նույն վարույթի շրջանակում հարցաքննվել է նաև Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը։ Սա հիմք է ենթադրելու, որ հնարավոր է հենց վերջինիս հաղորդման կամ ցուցմունքների հիման վրա էլ սկսվել է գործընթացը, որի առանցքում այժմ հայտնվել է Արցախի նախագահի անունը։
Հասկանալի է դառնում նաև, որ նախաքննությունը ստանում է որոշակի քաղաքական երանգներ՝ հատկապես հաշվի առնելով, որ 2026թ․ քաղաքական շրջադարձերին ընդառաջ ինչ-ինչ կենտրոններ արդեն «աշխատում են» որոշ ֆիգուրների շուրջ։ Եվ չի բացառվում նաև, որ Շահրամանյանը կալանավորվի»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: