ՀՀ-ում այսուհետ գործելու են թվային վարորդական վկայականներ և թվային հաշվառման վկայագրեր։ Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանը՝ նշելով, որ օրենսդրական նախաձեռնությամբ սահմանվել է ժամկետ, և երբ խորհրդարանն այն ամբողջությամբ ընդունի, օրենքը կմտնի ուժի մեջ:
«Բոլոր այն քաղաքացիները, որոնք ունեն վարորդական վկայականներ, առնվազն սեպտեմբերի 1-ից այդ վարորդական վկայականները կկոնվերտացվեն թվային վարորդական վկայականների»,-ասաց նա:
Արմեն Ղազարյանը նշեց, որ մեկ այլ նախաձեռնությամբ սահմանում են, որ եթե պարեկային ծառայության աշխատակիցը կարողանում է նույնականացնել վարորդին, այդ պարագայում չի կիրառվելու վարչական այն իրավախախտումը, որը նախատեսված է օրենսգրքով, այն է՝ վարորդական վկայականն իր մոտ չունենալը: «Եթե անձը նույնականացվում է և հավաստվում է, որ անձն ունի վարելու իրավունք, ապա այդ վարչական իրավախախտումը չի կիրառվում»,- ասաց նա:
Փոխնախարարը նաև ընդգծեց՝ թվային վարորդական վկայականը կկիրառվի միայն ՀՀ-ում, ՀՀ-ից դուրս անհրաժեշտ կլինի պլաստիկ վարորդական վկայական ունենալ: