Կբողոքարկեմ նրա անգործությունը. Ռուբեն Ռուբինյանը «նպատակահարմար չգտավ» ընդունել Էդգար Ղազարյանին


Կբողոքարկեմ նրա անգործությունը. Ռուբեն Ռուբինյանը «նպատակահարմար չգտավ» ընդունել Էդգար Ղազարյանին
Մայիս 12 20:47 2025

Ազգային ժողովում հայտարարված քաղաքացիների ընդունելության շրջանակներում Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնելու առաջարկով հանդես եկած «Արթուն ենք» քաղաքացիական շարժման նախաձեռնող, հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը հերթագրվել է մասնակցելու ընդունելության  ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի հետ։

«Ես նրա հետ քննարկելու եմ վարչապետին անվստահության հայտնելու գործընթացի վերաբերյալ իր դիրքորոշումը է։ Ես իմ նամակին իրենից գրավոր պատասխան չեմ ստացել»,- ԱԺ մուտքի մոտ լրագրողներին ասաց Ղազարյանը։

Նա հայտնեց, որ լրացուցիչ ևս երկու հարց ունի քննարկելու Ռուբինյանի հետ՝ հայ-թուքրական գործընթացում նրա  ներգրավածության օրինականության, սահմանադրականության հետ կապված հարցեր, ինչպես նաև Ռուբինյանն ընդգրկված է  Հայաստանի և Արցախի ԱԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի կազմում, որպես պատգամավոր ի՞նչ ֆունկցիաներ է ինքը կատարում։

Որոշ Ժամանակ անց ԱԺ աշխատակիցներից մեկը եկավ ու փոխանցեց, որ հիմա իրականացվում է քաղաքացիների ընդունելություն, բայց Ղազարյանին չեն ընդունելու։

«Ձեզ  նպատակահարմար չեն գտնում ընդունել։ Այլ հարցի չեմ կարող պատասխանել։  Ինձ տեղեկացրել են, որ ձեզ նպատակահարմար չեն գտնում ընդունելու»,- փոխնացեցին Էդգար Ղազարյանին։

«Այսինքն, մյուս քաղաքացիներին ընդունում են բացի ինձնի՞ց»,- հարցրեց Ղազարյանը։

«Խնդրում եմ՝ մյուս հարցերն արդեն գրավոր ներկայացրեք, ձեզ կպատասխանան» ասաց աշխատակիցն ու հեռացավ։

Ղազարյանն ասաց. «Զարմացած եմ նման պատասխան լսելով։ Ոչ թե չէի սպասում, նրան իրավունք ո՞վ է տվել, որ չի ընդունում քաղաքացուն։ Իրենք են նախաձեռնողը, ցանկացած քաղաքացու պետք է ընդունեն առանց պատճառաբանության։ Ոչ թե ընդունելությունն է չեղարկվել, այլ ինձնից առաջ քաղաքացիների ընդունել է, չի պատրաստվում  ընդունել միայն ինձ։ Երևի, ուղղակի խուսափում է, վախենում է փաստարկները լսելուց։ Ըստ էության,  պատասխաններ չունի։

Սա կոպտագույն խախտում է, կբողոքարկեմ նրա անգործությունը։ Այլ բան, որ ասեին, քաղաքացիների ընդունելությունը հետաձգվում է  իր առողջական խնդիրների պատճառով, օրինակ, վոթսափով հաղորդագրություն է ստացել,  ինսուլտ է տարել, վատ է, տարել են հիվանդանոց։ Դա պատճառաբանություն է։ Բայց ընդունել քաղաքացիների, կոնկրետ ինձ չընդունել, կամայականություն է, անպատասխան չի մնալու։

Սա պաշտոնական պարտականությունների կատարումից խուսափում է  անհասկանալի պատճառաբանությամբ, սուբյեկտիվ վերաբերմունք է ցուցաբերում»։