«Թու, անամոթ». արձագանքներ՝ Արծրուն Հովհաննիսյանի հայտարարությանը


«Թու, անամոթ». արձագանքներ՝ Արծրուն Հովհաննիսյանի հայտարարությանը
Մայիս 10 19:35 2025

«Ասում եմ՝ Հիտլերը ողջ լիներ, լսեր Արծրունին...»,- հրապարակախոս էդիկ Անդրեասյանն այսպես է արձագանքել պաշտպանության նախարարության նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի՝ Հանրային հեռուստաընկերությամբ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում արած հայտարարություններին։

 

Փաստաբան Երվանդ Վարոսյանը գրել է. «Աչքովս պատահաբար ընկավ նախկին իշխանության օրոք առաջին պլան բերված, Երևանի կենտրոնում բնակարան նվեր ստացած (երևի դե էլի սխալվել էին, ինչպես բոլոր հարցերում), 44-օրյա պատերազմի ընթացքում ժողովրդի ուղեղը լվալու պատասխանատու գործընթացը համակարգած, իսկ հիմա Նիկոլի կնոջ կողմից ինտենսիվ կրթվող Դագդիգական Նահանջի հարցազրույցը։

 

Ուրեմն այս Նահանջը հիմա էլ որոշել է վերլուծել Մեծ Հայրենական պատերազմի ընթացքն, ու Հ1-ի եթերից ակցենտախառը հայերենով հայտարարել է, որ եթե Ստալինգրադի ճակատամարտում Խորհրդային Միությունը պատվեր, Հիտլերը իջնելու էր Կովկաս, Հայաստանին տար անկախություն, ստեղծեր հայկական լեգեոններ, հետո հայկական լեգեոններ ստեղծեր Բուլղարիայում ու հետո այդ լեգեոնները երկու կողմից հարձակվելու էին ու գրավեին Թուրքիան։ Ընդ որում, նույն հարցազրույցում Դագդիգագանը թեև հպանցիկ, բայց նշում է նաև, որ այդ պահին Թուրքիան փաստացի ֆաշիստական Գերմանիայի դաշնակիցն էր ու նրան էր մատակարարում անհրաժեշտ նյութեր։

 

Ստացվում է, որ ըստ Նահանջի, Հիտլերը ևս անցել էր Աննա Հակոբյանի կրթության մամլիչով, ու Ստալինգրադից հետո մտադրված էր ստեղծել ինչ-որ նոր, փոքր անկախ պետություն, ձևավորել դեռ գոյություն չունեցող լեգեոններ, ապա, ուշադրություն, այդ լեգեոններով գրավել այդ պահին իր փաստացի դաշնակցին...

 

Այս ամենին կարելի էր հումորով վերաբերվել, եթե սա չլիներ հաջող աշխատող պրոպագանդայի մաս, ու տեսանելի չլիներ, թե սրանք էս կերպ ուր են հասցնելու ժողովրդին»։

 

Panorama.am-ի գլխավոր խմբագիր Անահիտ Ոսկանյանը հիշեցրել է 44-օրյա պատերազմի օրերին Արծրուն Հովհաննիսյանի հանրության համար արված «հայտարարությունները».

 

«հազարավոր զոհեր քո մեղքով էլ են

 

քո ստերի պատճառով առանց թիկունքի, առանց օգնության էին մնացել

 

հարց ենք տալիս, թե՝ ասում եք. բայց այսպես ու այսպես է, հարազատներ ունենք ճակատում

 

ու ինչ պատասխանեցի՞ր

 

թե բա՝ դուք մի քանի հարազատների պատմածներով եք եզրակացություն անում, իսկ ես ամբողջ պատկերը գիտեմ, նոր եմ եկել, գնացել եմ, տեսել եմ...

 

կուրանայիր, ստոր ստախոս

 

երե՞ս ունես, դեռ հեռուստացույցով էլ մարդկանց ես երեսդ ցույց տալիս

 

թու անամոթ»։ 

 

Ֆեյսբուքյան օգտատեր Գևորգ Բարսեղյանը տեղադրել է Արծրուն Հովհաննիսյանի հայտարարություններից կոնկրետ հատված ու գրել. 

 

«Հիմա հասկանում ե՞ք՝ որն է էս մարդուն Աննա Հակոբյանի #կրթվելը_նորաձև_է հակահայկական հերթական քարոզարշավում ներգրավելու իմաստը։

 

Ասում ա. «Գերմանիան հարձակվել էր, որ «փրկի» Հայաստանը՝ Խորհրդային միությունից»։

 

Գիտեք, չէ՞՝ որն ա էս նարրատիվի հաջորդ քայլը։ Բացատրել մեզ՝ «տգետներիս», որ մեկ էլ ռուս-թուրքական հերթական պատերազմն է միտված լինելու «փրկելու» Հայաստանը՝ Ռուսաստանից։

 

Զարմանում եք, բայց 2020-23թթ. Արցախում ռուսական ռազմական ներկայության շրջանում հենց էս միտքը հանդես եկավ որպես Արցախի հայաթափման ժամանակ ՀՀ անտարբերությունը «հիմնավորող» ինֆորմացիոն ապահովում»։

 

Հիշեցնենք, որ Ա. Հովհաննիսյանը իր լիարժեք աջակցությունն էր հայտնել Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի նախաձեռնությանը՝ «2025 թվականը հայտարարել Կրթության տարի»։

 

Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել էր. «Մեզ համար ամենածանր միֆերից մեկը դա Ստալինգրադի ճակատամարտով իբր Հայաստանի փրկությունն է թուրքական ներխուժումից։ 

 

Թուրքիան Գերմանիայի հետ ուներ չեզոքության որոշակի պայմանագիր և որոշակի նյութեր էր մատակարարում։ Բայց հարցն այն է, որ Թուրքիան այդ ժամանակ որևէ էական ուժ չուներ հարձակվելու Կովկասում՝ նոր ճակատ բացելու, դա միֆ է։ Կան արխիվային փաստաթղթեր։ Դրան հակառակ Գերմանիան ուներ ծրագիր՝ մշակված, հստակ ծրագիր էր։ Եվ այդ ծրագիրը ենթադրում էր, որ եթե Գերմանիան Ստալինգրադից հետո իջնի Կովկաս, վերցնի Կովկասը, ապա պիտի Բուլղարիայից որոշակի դիվիզիաներ, ցամաքային զորքեր, այդ թվում նաև՝ անկախ Հայաստանից արդեն նաև հայկական լեգեոները, որի մասին գիտեք՝ Գարեգին Նժդեհ, Դրաստամատ Կանայան, այդ ուղղությամբ աշխատում էին գերմանացիների հետ, որպեսզի ռազմագերիության կարգավիճակ ունեցող հայերից ձևավորեն հայկական լեգեոն և որոշակի ձևավորված հայկական լեգեոներ կային, որոնք ոչ մի լուրջ էական գործողություն չեն արել իրական մարտական դաշտերում։ Բայց եթե նման բան լիներ, պիտի և ՛ Հայաստանից, և ՛ Բուլղարիայից գերմանացիները ներխուժեին, գրավեին Թուրքիան։ Այդ ծրագիրը ենթադրում էր նաև միացյալ պատմական Հայաստանի ստեղծում»։