Օպերային հայտնի երգչուհի, սոպրանո Հասմիկ Պապյանը բաց նամակով դիմել է երիտասարդ երգչուհի, միջազգային մրցույթների դափնեկիր, դեպի համաշխարհային մեծ բեմեր ճամփա բռնած Ջուլիանա Գրիգորյանին.
«Սիրելի Ջուլիանա, ավելորդ է ասել, թե հայ ժողովուրդը, այդ թվում նաև ես, որքան հպարտ ենք քո շարունակական հաջողություններով։ Երեք շաբաթ շարունակ, քո էջում տեղադրում ես «Մուսկատ» թագավորական օպերայում տեղի ունեցած «Տրավիատա» ներկայացման առաջնախաղի մասին, որտեղ քո զուգընկերն էր «հարևան» երկրի հայտնի տենորը։
Իհարկե խնդիր չկա, կարող ես նրան սիրել, հավանել որպես երգիչ, հիանալ, անվանել «ֆանտաստիկ»։
Ամեն դեպքում, Մայիսի 9-ին՝ ոչ վաղ անցյալում մեր փառապանծ Եռատոնի Օրը, ԿԱՐՈՂ ԷԻՐ ՄԵԶ ԽՆԱՅԵԼ…
Տեղեկացնեմ քեզ, որ 2020-ի դեկտեմբերին քո սիրելի խաղընկերը, մշակույթի նախարարի հետ միասին առաջինը երգեց Շուշիում, որպես հայերին հաղթած ժողովրդի արժանավոր զավակ։ Նաև ուզում եմ հիշեցնել, որ 2020-ի հունվարին, (44-օրյա պատերազմից առաջ), նա Դրեզդենում հրաժարվեց զուգերգ կատարել հայազգի Ռուզան Մանթաշյանի հետ, միայն վերջինիս ազգային պատկանելության պատճառով։ Իհարկե գերմանացիները նրան «դարձի բերեցին» և Ռուզանը վերադարձավ ու միայնակ երգեց «Օպերային պարահանդեսին»։
Հետաքրքիր է իմանալ, արդյո՞ք քո խաղընկերը միևնույն ջանասիրությամբ և հրճվանքով իր էջերում լուսաբանում է հայ երգչուհու հետ ունեցած իր ելույթների մասին։ Վստահ չեմ…
Կարիերան, հաջողությունները կանցնեն, կգնան, հայ լինելը և հայ մնալը՝ ոչ»։
Արձագանքելով գրառման մեկնաբանություններին՝ Հասմիկ Պապյանը նշել է. «Այլևս անհնար է դիմանալ: Երեկ գրեցի իր ուսուցչին, տենորի հայատյաց հարցազրույցների մասին, ինձ պատասխանեց՝ «ամեն մի մարդ իր ազգը պետք է փառաբանի: Ես իրեն չեմ մեղադրում»։
Նշենք, որ հայտնի իսպանացի օպերային (տենոր) երգիչ, դաշնակահար, դիրիժոր Պլասիդո Դոմինգոն իր ֆեյսբուքյան էջում ներկայացումից լուսանկարներ է հապարակել ու նշել արտիստներին, այդ թվում Ջուլիաննա Գրիգորյանին ու ադրբեջանցի օպերային երգիչ Յուսիֆ Էյվազովին։ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջում երևում են գրառումն ու լուսանկարները, որտեղ նա հանդես է գալիս ադրբեջանցու հետ։ Յուսիֆ Էյվազովը թույլ չի տվել, որ այդ հրապարակումը երևա իր ֆեյսբուքյան էջում։ Նրա էջում Ջուլիաննայի ներկայությամբ որևէ լուսանկար չկա։