Գյումրիում իշխանությունը խլելու օպերացիաներ են սկսել․ «Հրապարակ»


Գյումրիում իշխանությունը խլելու օպերացիաներ են սկսել․ «Հրապարակ»
Մայիս 7 08:20 2025

«Հրապարակ» թերթը գրում է. «Մարտուն Գրիգորյանի թիմին զուգահեռ, իշխանությունն «աշխատանքներ» է տանում նաեւ Վարդան Ղուկասյանի թիմի ուղղությամբ: Երեկ իշխանական շրջանակներից մեզ ասացին, որ Ղուկասյանի թիմից 2 հոգու նկատմամբ քրեական վարույթ է հարուցվելու:

Իսկ եթե հոժարակամ ՔՊ-ի կողմը չանցնեն, ապա հնարավոր է ձերբակալությունների միջոցով իշխանության զավթում իրականացվի: Թե ովքեր են թիրախները, անուններ չտվեցին։ Երեկ հայտնի դարձավ, որ Գյումրիում իշխանազավթման մեկնարկը ՔՊ-ի կողմից տրված է` Մարտուն Գրիգորյանի ղեկավարած «Մեր քաղաքը» դաշինքի ավագանու անդամ Կարեն Բադալյանն ապրիլի 21-ին մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել քաղաքապետին, վերջինս էլ արձանագրություն է կազմել եւ ուղարկել ընտրատարածքային ընտրական հանձնաժողով:

Սակայն երկու օր անց Բադալյանը նոր դիմում է ներկայացրել, որով խնդրել է անտեսել իր դիմումը, նշել է, որ ցանկանում է շարունակել պաշտոնավարել որպես ավագանու անդամ եւ ուզում է դուրս գալ «Մեր քաղաքը» խմբակցությունից։ Մարտուն Գրիգորյանը կասկածներ ունի, որ իշխանությունն ազդել է իր թիմակցի վրա եւ փորձում է զավթել Գյումրին։

Իշխանությանը 3 ձայն է պակասում, որ փոխի ձայների հարաբերակցությունը հօգուտ իրեն․ այժմ 14 մանդատ ունեն՝ ավագանու 33 մանդատից։