«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն ապրիլի 4-ին հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Չան Թան Մանի գլխավորած պատվիրակությանը:
Պատվիրակությունը Փաշինյանի հետ հանդիպմանը ձեռնունայն չի եկել։
Պաշտոնական աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Վիետնամի Ազգային ժողովի նախագահ Չան Թան Մանը Փաշինյանին կնոջ շարֆ է նվիրել։
Համաձայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած «Հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողների նվերների հաշվառման ձեւաթղթի»՝ շարֆն արժեցել է 45 հազար 312 դրամ։ Վարչապետի ստացած կնոջ շարֆը պատրաստված է բամբուկից եւ զարդանախշ տուփով է եղել։
Բացի շարֆից՝ Փաշինյանին Վիետնամի Ազգային ժողովի նախագահ Չան Թան Մանը նվիրել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի շենքի 3D մոդելը՝ պատրաստված մետաղից։ Այն պատրաստված է եղել վիետնամական Qua Quy ընկերության կողմից եւ արժեցել է 45 հազար դրամ։
Կարող ենք ենթադրել, որ կնոջ շարֆը Աննա Հակոբյանի համար է եղել, իսկ մանրակերտը՝ Փաշինյանի, սակայն ինչպես հասկացանք, ո՛չ մեկը, ո՛չ մյուսը Փաշինյաններին պետք չի եկել»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: