Անդրեի վրա բացարձակ չեմ կասկածում, վստահ եմ, որ նման դեպք տեղի չի ունեցել. Մհեր Բաղադասարյանը՝ Անդրեի կողմից կնոջը բռնության ենթարկելու լուրերի մասին


Անդրեի վրա բացարձակ չեմ կասկածում, վստահ եմ, որ նման դեպք տեղի չի ունեցել. Մհեր Բաղադասարյանը՝ Անդրեի կողմից կնոջը բռնության ենթարկելու լուրերի մասին
Ապրիլ 30 21:54 2025

«Ես Անդրեի հետ ապրել եմ մի տարուց ավելի, ճանապարհորդել եմ նրա հետ բազմաթիվ երկրներ, իրեն գիտեմ տարբեր իրավիճակներում։ Ինձ վրա կարող եմ կասկածել, որ կարող եմ հունից դուրս գալ և անել ոչ ադեկվատ բաներ։ Անդրեի վրա բացարձակ չեմ կասկածում, վստահ եմ, որ նման դեպք տեղի չի ունեցել։ Սա իմ կարծիքն է, փաստ չէ»,-ասել է լրագրող Մհեր Բաղդասարյանը «Օձի լեզու» հաղորդման ժամանակ՝ անդրադառնալով Անդրեի նախկին կնոջ՝ Անի Օհանյանի բռնության մասին հայտարարություններին։

Մհերն ընդգծել է՝ իր համար բացարձակ անընդունելի է ընտանեկան բռնությունը, սակայն թեման նուրբ է ու զգացմունքային, պետք է թեմային մոտենալ շատ նուրբ, որպեսզի կողմերից ոչ մեկին չվնասեն։

Մ. Բաղդասարյանը նշել է, որ գործը քննվում է ԱՄՆ երկու դատարանում՝ կրիմինալ ու ընտանեկան, պետք է սպասել մինչև քննության ավարտը, մինչև դատարանը որոշում կայացնի։

 Անդրեի ընկերը մի քանի հակափաստարկներ է ներկայացրել, թե ինչու չէր կարող Անդրեն բռնություն գործադրել կնոջ նկատմամբ։

«Առաջին հերթին այդ տանն ապրել են Անդրեի ծնողները։ Վստահ եմ, որ ծնողներն այդ տնից դուրս կգային, կթողնեին, կգնային, բայց երբեք ու երբեք չէին հանդուրժի ֆիզիկական, հոգեբանական կամ այլ բռնություն երեխայի, երեխայի մոր նկատմամբ։ Ցանկացած մեկը, այդ թվում Անդրեի նախկին կինը, որի հետ ես ծանոթ չեմ, ցավոք, կփաստի, որ Անդրեն լավ հայր է։ Ինչ վերաբերում է բռնության հանգամանքին, ապա ինձ համար անհասկանալի է  մնում, թե ինչու օրինակ Անին, ում ծնողներն այդ ժամանակ եղել են ԱՄՆ-ում, օգնություն չի խնդրել նրանցից կամ համապատասխան մարմիններից կամ թեկուզ Անդրեի ծնողներից»,-ասաց Բաղդասարյանը։

Նա տարօրինակ է համարում այն, որ Անի Օհանյանը բռնության մասին հայտարարությունն անում «Հայ սուպեր սթար»-ի անոնսից հետո, որտեղ Անդրեն ներկայացված է ժյուրիի կազմում։

Հաղորդման մյուս հեղինակ Արա Ղազարյանը նշեց՝ հարցին արդեն անդրադարձել է։

«Ես մնում եմ իմ կարծիքին, որ գոյություն ունի անմեղության կանխավարկած, որը խախտելու իրավունք չունի ոչ ոք։ Հալած յուղի տեղ ընդունել մի կողմի ասածները՝ չլսելով մյուս կողմին, մեղմ ասած, սխալ է։ Ճիշտ չէ հատկապես այն պարագայում, երբ գործը քննում են երկու դատարաններ»,-ասաց Ղազարյանը՝ հիշեցնելով, որ ԱՄՆ-ում դատարանն ավելի խիստ է քննում այն դեպքերը, երբ անձը հանրային դեմք է։

Ղազարյանն այս առումով ընդգծեց, որ Անդրեն այսօր դատարանի թույլտվությամբ է գտնվում Հայաստանում, բացի այդ նա դատարանի որոշմամբ պարբերաբար հանդիպել է երեխային սոցիալական աշխատակիցների ներկայությամբ։

«Հանդիպումներն անցել են շատ ջերմ, երեխան լացել է բաժանվելիս, ինչը տեսել են աշխատակիցները։ Ծեծի, բռնության դեպքում երեխան ցանկություն չէր ունենա  հանդիպել նրա հետ։ Կան բազմաթիվ խութեր ու մութ անկյուններ, հայկական ժողովրդական ասացվածք կա, ընտանիքը մութ անկյուն է։ Ես ևս դեմ եմ բռնությանը։ Ամեն դեպքում ակնհայտ է, որ «Հայ սուպեր սթար» հաղորդման անոնսի օրը հրապարակվեց այդ երկար-բարակ շարադրությունը, և ակնհայտ է, որ հրապարակող կողմը գիտեր, որ այն Հայաստանում կդիտարկվի որպես հաղորդում հանցագործության մասին, և դիտարկվեց, քանի որ Անդրեն նաև ՀՀ քաղաքացի է»,-ասաց հաղորդման համահեղինակը։