Փաշինյանն այդ «միջանցքը» վաղուց տվել է, խնդիրն այն է, թե ով կհսկի, պարզվում է՝ կարող է ամերիկյան կողմը լինել, ինչը հղի է շատ ծանր հետևանքներով. Իշխան Սաղաթելյան


Փաշինյանն այդ «միջանցքը» վաղուց տվել է, խնդիրն այն է, թե ով կհսկի, պարզվում է՝ կարող է ամերիկյան կողմը լինել, ինչը հղի է շատ ծանր հետևանքներով. Իշխան Սաղաթելյան
Հուլիս 21 17:27 2025

Սյունիքով ճանապարհի արտապատվիրակման ծրագիրը հայ ժողովրդի շահերի դեմ գործընթաց է, այդ թվում՝ բարեկամ երկրների, մասնավորապես՝ Իրանի. լրագրողների հետ զրույցում ասաց  ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Արդյո՞ք դա կբերի տարածաշրջանում կոմունիկացիաների բացմանը, խաղաղության հաստատմանը, միանշանակ՝ ոչ, որովհետև արտատարածաշրջանային ուժերի մուտքը մեր տարածաշրջանը դարձնելու է անկայուն, նոր խնդիրներ է ստեղծելու։ 4 տարի հերքել են, որ իրենք «միջանցքի» մասին ունեն պայմանավորվածություն, բայց փաստն այն է, որ ինքն այդ «միջանցքը» վաղուց տվել է, խնդիրն այն է, թե ով կհսկի «միջանցքը»։ Պարզվում է՝ կարող է ամերիկյան կողմը լինել, իսկ Իրանի սահմանին ամերիկյան ուժերի ներկայությունը հղի է շատ ծանր հետևանքներով։ Ամեն կերպ պետք է դա կանխել»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչը նշեց, որ ՀՀ ինքնիշխան տարածքում ճանապարհի վերահսկողությունն արտապատվիրակելը երրորդ կողմ հանդիսացող երկրին հանգեցնելու է Հայաստանի շրջափակմանը և Իրանի հետ կապը դառնալու է խնդրահարույց։

«Հիմարությունը հասել է նրան, որ ասում է՝ Հյուսիս-հարավ ճանապարհին էլ ենք «միջանցք» ասում»,-Փաշինյանի խոսքը հիշեցրեց Իշխան Սաղաթելյանը՝ նշելով որ Փաշինյան-Էրդողան-Ալիև եռանկյունին վաղուց է գործում։