Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իմփիչմենտը կարող է մեկնաբանվել որպես ժողովրդավարության զարգացման չափանիշ, եթե այդ ինստիտուտը գործի իրական պրակտիկայում։ Իմփիչմենտի նպատակն է վերահսկել երկրի կառավարության գործունեությունը՝ բնակչության և ժողովրդավարական քաղաքական ինստիտուտների կողմից։ Վերջին 30 տարիներին աշխարհում տեղի են ունեցել երկրի ղեկավարներին անվստահություն (իմփիչմենտի ենթարկելու) հայտնելու հետևյալ դեպքերը․
1992թ․ սեպտեմբերի 29-ին Բրազիլիայի Պատգամավորների պալատը հավանություն տվեց նախագահ Ֆերնանդո Կոլոր դե Մելլոյին իմփիչմենտի ենթարկելու միջնորդությանը՝ կոռուպցիոն սխեմաներում նրա մասնակցության համար: 1992թ․ հոկտեմբերին նա դադարեցրել է պաշտոնավարել, իսկ դեկտեմբերին՝ Սենատում վերջնական քվեարկության նախորդ օրը, նա հրաժարական է տվել։
* 1997թ․ փետրվարին Էկվադորի խորհրդարանը երկրի նախագահ Աբդալա Բուկարամին հայտարարեց կառավարելու համար «մտավոր անկարող» և հեռացրեց իշխանությունից։ Աբդալլա Բուկարամը փախել է Պանամա, որը նրան քաղաքական ապաստան է տվել։
2000թ․ նոյեմբերի 13-ին Ֆիլիպինների խորհրդարանի ստորին պալատը քվեարկեց նախագահ Ջոզեֆ Էստրադայի իմփիչմենտի օգտին։ Նա մեղադրվում էր կոռուպցիայի մեջ։ Այն ընդդիմության զանգվածային բողոքի ակցիաների պատճառ դարձավ և 2001թ․ հունվարի 20-ին Ջոզեֆ Էստրադան հրաժարական տվեց։
* 2001թ․ Ինդոնեզիայի խորհրդարանը միաձայն քվեարկեց նախագահ Վահիդ Աբդուրահմանի իմփիչմենտի օգտին: Նա չկարողացավ հաղթահարել երկրում առկա տնտեսական դժվարությունները և իր դեմ հանեց տարբեր քաղաքական և կրոնական խմբերի, այդ թվում՝ բանակը։ Իշխանության ղեկին մնալու Վահիդ Աբդուրահմանի փորձերը չստացան երկրի բնակչության աջակցությունը։
* 2004թ․ ապրիլի 6-ին Լիտվայի խորհրդարանը իմփիչմենտի ենթարկեց նախագահ Ռոլանդաս Պակսասին։ Խորհրդարանականները նրան մեղադրում էին իր նախընտրական քարոզարշավի ֆինանսավորող գործարարին քաղաքացիություն տրամադրելու, պետական գաղտնիքի պաշտպանությունը չապահովելու և պաշտոնեական դիրքի չարաշահման համար։ Գաղտնի քվեարկությանը մասնակցել են Սեյմի 137 պատգամավորներից 115-ը։
* 2012թ․ հունիսի 22-ին Պարագվայի Սենատը որոշում ընդունեց երկրի նախագահ Ֆերնանդո Լուգոյին իմփիչմենտի ենթարկելու մասին՝ իր պարտականությունները ոչ պատշաճ կատարելու մեղադրանքով։ Գործը հարուցվել է երկրի հարավ-արևելքում գտնվող Կուրուգուատու քաղաքում ոստիկանության և ֆերմերների միջև բախումից հետո: Միջադեպի հետևանքով զոհվել էր 17 մարդ։ Նախագահի հրաժարականին կողմ է քվեարկել 39 սենատոր, դեմ՝ 4։
* 2016թ․ օգոստոսի 31-ին Բրազիլիայի Սենատը քվեարկեց նախագահ Դիլմա Ռուսեֆի վերջնական իմփիչմենտի օգտին: Իմպիչմենտի օգտին քվեարկել է 61 սենատոր, դեմ՝ 20-ը։
Նախագահին իմփիչմենթի ենթարկելու համար անհրաժեշտ էր 54 ձայն։
* 2016թ․ դեկտեմբերի 9-ին Հարավային Կորեայի խորհրդարանը իմփիչմենթի ենթարկեց երկրի նախագահ Պակ Կըն Հեին։ Նախագահին իշխանությունից հեռացնելուն կողմ է քվեարկել Ազգային ժողովի 234, դեմ՝ 56, ձեռնպահ՝ 2 պատգամավոր։ Պակ Կըն Հեն իշխանությունից հեռացվել է 2017թ․մարտի 10-ին՝ Սահմանադրական դատարանի որոշմամբ։
* 2017թ․ նոյեմբերի 21-ին Զիմբաբվեի խորհրդարանը որոշում ընդունեց երկրի նախագահ Ռոբերտ Մուգաբեին իմփիչմենթի ենթարկելու մասին՝ հրաժարականի համար նրան 24 ժամ ժամանակ տալով։ Խորհրդարանի որոշումից հետո Մուգաբեն հրաժարական տվեց Զիմբաբվեի նախագահի պաշտոնից։
* 2020թ․ նոյեմբերի 9-ին Պերուի Կոնգրեսը երկրի նախագահ Մարտին Վիսկարային ճանաչեց անգործունակ և քվեարկեց նրա իմփիչմենտի օգտին։ Որոշումն ընդունվեց 105 կողմ, 19 դեմ, 4 ձեռնպահ ձայներով։
* 2022թ․ դեկտեմբերի 7-ին Պերուի նախագահ Պեդրո Կաստիլյոյի կողմից լուծարված Կոնգրեսը նրան իմփիչմենտի ենթարկեց։ Պերուում իմփիչմենթը համարվում է կայացած, եթե կողմ քվեարկի խորհրդարանականների երկու երրորդը կամ 87 մարդ»: