Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի գործով դատական նիստը։ Այսօր ցուցմունք է տալիս տուժած կարմիր բերետավոր՝ պետանվտանգության գումարտակի աշխատակից Վարդան Հովհաննիսյանը։
Պատասխանելով Լևոն Քոչարյանի հարցերին՝ Վ.Հովհաննիսյանն ասաց. «Ձեզ հետ առնչվել եմ միայն մեքենայի մեջ, իսկ անձամբ, որ ես մոտենամ, պահանջ ներկայացնեմ, ոչ։
Իմ գործողությունը այդ ժամանակ հիմնականում եղել է հանգստացնելու պրոցես, չշարունակի մյուս գործողությունները՝ անընդհատ նույն բանը ասելը կամ անելը»։
Լ.Քոչարյանի հարցին՝ տեսանյութը նայե՞լ է, իր կողմից հնչե՞լ է հայհոյանք, Վ.Հովհաննիսյանը պատասխանեց. «Տեսանյութը նայելուց չէ»։
«Ասում եք մեքենայի մեջ անկանոն շարժումներ են եղել, նաև ձեզ է դիպել։ Աջ կողմում նստած էր Սուրենը։ Սուրենի՞ն էլ է կպել այդ անկանոն շարժումներից»,- հարցրեց Քոչարյանը։
Տուծածն ասաց, որ չգիտի։
«Ինձ երկու անգամ...ֆիզիկական ցավ է եղել ընդամենը։ Ոչ մի հետևանք չի ունեցել, դեպքից հետո մոռացվել է»,- նշեց Վ.Հովհաննիսյանը։
Լ.Քոչարյանը շարունակեց. «Մեքենայի մեջ տեղի ունեցածից հետո ես հայտնվել եմ հիվանդանոցում վնասվածքներով։ Կա դատաբժշկի եզրակացություն, մյուս կողմից կա դատաբժշկի եզրակացությունը ձեր, Հրաչիկի հետ կապված։ Որևէ վնասվածք ֆիքսված չէ։ Տեսեք, բոլորդ ասում եք՝ մեքենայի մեջ ինձ չեք հարվածում, բայց այդ ամբողջ եղելությունից հետո փաստ ունենք՝ իմ վնասվածքները, մյուս կողմից երկրորդ փաստն ունենք՝ ձեր վրա բան չկար։ Դուք նաև նշել էիք, որ ամուր տղա է ինքը, չէիք կարողանում ձեռնաշղթա հագցնել։ Ի՞նչ եք կարծում՝ եթե ես ուզեի ձեզ վնասել, ձեր վրա ամեն դեպքում վնասվածք կմնա՞ր»։
Հիշեցնենք, որ Լևոն Քոչարյանը ձերբակալվել էր 2023 թ. սեպտեմբերի 22-ին, կալանավորվել է մեկ ամսով սեպտեմբերի 25-ին։ Սեպտեմբերի 22-ին բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանության ծառայողները Լևոն Քոչարյանին ծեծի ենթարկելով բերման էին ենթարկել, այնուհետև նրան փակ գանգուղեղային վնասվածքով տեղափոխել էին «Նաիրի» ԲԿ։ Դեռ հիվանդանոցում, Քոչարյանին է հանձնվել ձերբակալման որոշումը, որից պարզ է դարձել, որ ոստիկանները հաղորդում են ներկայացրել, որ Լ. Քոչարյանը 4 կարմիր բերետավորի է ծեծել։
Լ. Քոչարյանին մեղադրանք էր առաջադրվել 4 ոստիկանի նկատմամբ իբր բռնություն գործադրելու համար։