Ադրբեջանին առաջարկել ենք ստորագրել երկու փաստաթուղթ միևնույն օրը՝ խաղաղության պայմանագիրը և Մինսկի խմբի լուծարման գործընթացի դիմումը․ Արարատ Միրզոյան


Ադրբեջանին առաջարկել ենք ստորագրել երկու փաստաթուղթ միևնույն օրը՝ խաղաղության պայմանագիրը և Մինսկի խմբի լուծարման գործընթացի դիմումը․ Արարատ Միրզոյան
Ապրիլ 14 19:31 2025

Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել թուրքական NTV հեռուստաընկերությանը։ 

Հարց. Ես խոսելու եմ այն խաղաղության համաձայնագրի մասին, որի շուրջ երկու կողմերն արդեն համաձայնության են եկել։ Սակայն նախ կցանկանայի անդրադառնալ այն պանելային քննարկմանը, որն արդեն կայացել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ։

Մենք հասկանում ենք, որ երկու կողմերն էլ փորձել են ներկայացնել իրենց դիրքորոշումները։ Իսկ Դուք ինչպե՞ս կգնահատեք այդ քննարկումը։ Այն որոշ չափով լարված էր, թե՞ պարզապես կողմերը ներկայացրին իրենց տեսակետները։ Ի՞նչ կասեք այդ մասին։

Արարատ Միրզոյան. Կասեմ, որ դա կառուցողական քննարկում էր։ Գիտեք, մենք բազմաթիվ հնարավորություններ ենք ունեցել իմ գործընկերոջ՝ պարոն Բայրամովի հետ մտքերի փոխանակման՝ ինչպես փակ դռների հետևում, բանակցությունների ընթացքում, այնպես էլ բաց հրապարակային քննարկումներում։ Սա ևս մեկ հնարավորություն էր կարծիքների փոխանակման համար։

Իհարկե, ընկալումների տարբերություններ կան, և ամենայն հավանականությամբ հիմա մենք այդ մասին ևս մի փոքր կխոսենք։ Սակայն միևնույն ժամանակ դա հնարավորություն է՝ փորձելու մոտեցնել դիրքորոշումները։ Այս առումով ցանկացած քննարկում միշտ օգտակար է։

Հարց. Այո, դա, անշուշտ, ամենաճիշտ մոտեցումն է։ Կցանկանայի անդրադառնալ խաղաղության համաձայնագրին։ Ինչպես հայտնի է, երկու կողմերն արդեն համաձայնեցրել են փաստաթուղթը։ Ձեր կարծիքով, հաշվի առնելով կողմերի ներկայիս դիրքորոշումները, երբ կարող է այդ ստորագրումը տեղի ունենալ։

Արարատ Միրզոյան. Իրապես, նախևառաջ հարկ է արժևորել այն, ինչ արդեն իսկ տեղի է ունեցել։ Սա աննախադեպ, պատմական իրադարձություն է: Հայաստանը և Ադրբեջանը համաձայնեցրել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի նախագծի տեքստը։ Տեքստ, որով Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունն այն սահմաններում, որոնք գոյություն ունեին որպես խորհրդային սոցիալիստական հանրապետություններ Խորհրդային Միության փլուզման պահին։

Կողմերը համաձայնել են չմիջամտել միմյանց ներքին գործերին, ինչպես նաև համաձայնության են եկել մի շարք այլ կարևոր դրույթների շուրջ։ Բացի այդ, վերոնշյալ փաստաթղթի վավերացման և ուժի մեջ մտնելու դեպքում, նախատեսվում է ստեղծել երկկողմ հանձնաժողով, որը կվերահսկի պայմանագրի իրականացումը և կծառայի որպես հարթակ տեղում առաջացող ցանկացած թյուրըմբռնման կամ կոնկրետ իրավիճակների լուծման համար։ Այս ամենը, իրապես, պատմական իրադարձություն է։ Այժմ մենք կարծում ենք, որ հնարավոր է անմիջապես սկսել խորհրդակցությունները՝ պայմանագրի ստորագրման վայրը, ժամանակը և հստակ ամսաթիվը որոշելու նպատակով։

Հարց. Հնարավո՞ր է, որ պայմանագրի ստորագրումը տեղի ունենա երրորդ երկրում։ Ինչպե՞ս կգնահատեք այդ հարցը, և ի՞նչ կարծիք ունեք այդ հնարավորության վերաբերյալ։

Արարատ Միրզոյան. Դա կարող է լինել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, կարող է լինել որևէ երրորդ երկրում, որը ընդունելի կլինի թե՛ Երևանի, թե՛ Բաքվի համար։ Այս ամենը կարող է քննարկման առարկա դառնալ։ Սակայն պետք է արձանագրել, որ տեքստի շուրջ համաձայնության գալու փաստի հրապարակումից անմիջապես հետո ադրբեջանական կողմը հանդես եկավ մի շարք նախապայմաններով, որոնք վերաբերվում էին, մասնավորապես, Մինսկի խմբին և Սահմանադրությանը։ Կարող են լինել նաև այլ մտքեր, ինչքան, որ հասկանում եմ։

Հարց. Այդ մասին նշեց նաև պարոն Բայրամովը քննարկման ընթացքում։

Արարատ Միրզոյան. Մեր մոտեցումը հետևյալն է. մենք կարող ենք սկսել գործընթացը՝ դնելով մեկ աղյուս, ապա ևս մեկը, և մի որոշ ժամանակ անց կարող ենք տեսնել, որ միասին կառուցել ենք, օրինակ, մի ամուր կամուրջ։ Կամ կարող ենք նստել և սպասել ևս մի քանի հարյուր տարի՝ փորձելով հասկանալ՝ արդյո՞ք նախկին մոտեցումներն այլևս կիրառելի չեն, արդյո՞ք հակամարտությունն իսկապես ավարտված է, թե՞ դեռևս առկա են խոչընդոտներ։ Սակայն մեր դիրքորոշումն այն է, որ անհրաժեշտ է կենտրոնանալ հարցի կառուցողական կողմի վրա, կենտրոնանալ հնարավորությունների, ապագայի վրա, այլ ոչ թե շարունակ խորանալ անցյալում և տեսնել միայն խոչընդոտներ։

Անդրադառնալով ադրբեջանական կողմի կողմից հնչեցված որոշ գաղափարների,՝ մասնավորապես Մինսկի խմբի թեմային՝ ցանկանում եմ նշել, որ մեր դիրքորոշումը հստակ հայտնի է։ Եթե մենք ընդունում ենք, որ հակամարտությունն ավարտված է և այդ փաստը հաստատված է խաղաղության պայմանագրով, ապա այդ դեպքում ո՛չ Մինսկի խումբը, ո՛չ էլ նրա ենթակա կառույցներն այլևս նպատակահարմարություն չեն ունենում։ Հենց այդ տրամաբանությամբ մենք առաջարկել ենք ստորագրել երկու փաստաթուղթ միևնույն օրը՝ խաղաղության պայմանագիրը, ինչպես նաև ԵԱՀԿ-ին կամ նրա անդամ պետություններին ուղղված համատեղ դիմումը, որով կսկսվի Մինսկի խմբի լուծարման գործընթացը։