Որոշ մեքենաներ թողնվել են, բայց, ցավոք սրտի, խնդիրը լուծված չէ։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով վրացական անցակետում մնացած կոնյակի սպիրտի բեռնատարներին:
«Անկեղծ պիտի լինեմ՝ պատճառները մեզ համար անհասկանալի են և փորձում ենք բոլոր մակարդակներում խնդրին լուծում գտնել և ուզում եմ նշել, որ առաջիկա օրերին կայցելեմ Վրաստանի Հանրապետություն ևս մեկ անգամ հարցերն արդեն տեղում լուծելու, հասկանալու համար»,- ասաց նախարարը:
Հիշեցնենք, որ կոնյակագործները մայիսի 13-ին, բողոքի ակցիա են իրականացրել Հայաստանում Վրաստանի դեսպանատան դիմաց` պահանջելով վերջ դնել հայ արտահանողների մեքենաներն առանց պատճառի օրերով սահմանին պահելուն: Նրանք դժգոհում էին, որ ստեղծվել է մի իրավիճակ, երբ տարբեր գործարաններից արտահանվող բեռները պահվում են Վրաստանի Գեզի անցակետում՝ փորձաքննություն իրականացնելու պատրվակով, մինչդեռ Վրաստանն ընդամենը տարանցիկ երկիր է: