Արարատ Միրզոյանը գիշերակացով կանգ է առել Դուբայում, որտեղ ոչ պաշտոնական շփումներ է ունեցել ադրբեջանական պատվիրակության հետ։ Տեղեկության փոխանցել է «Փաստինֆո»-ի դիվանագիտական աղբյուրը։
«Մեկնաբանություն խնդրեցինք ԱԳՆ-ից՝ խնդրելով հայտնել նաև, թե ինչու չի հաղորդվել Արարատ Միրզոյանի Միացյալ արաբական Էմիրություններ կատարած այցի մասին։
Հայաստանի ԱԳՆ-ից նախ փորձեցին հերքել, որ Միրզոյանը եղել է Դուբայում՝ առաջարկելով հայտնել աղբյուրը։ Բնականաբար «Փաստինֆո»-ն մերժեց աղբյուրը բացահայտելու առաջարկը, ինչից որոշ ժամանակ անց հաստատեցին, որ Միրզոյանը Դուբայում, այդուհանդերձ, եղել է։
«Չլուսաբանված այց, այդ թվում՝ ԱՄԷ-ում, տեղի չի ունեցել: Ղազախստան կատարած պաշտոնական այցից մարտի 28-ին նախարար Միրզոյանը վերադարձել է Աստանա-Դուբայ-Երևան թռիչքով»,- հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից՝ պնդելով, թե այնտեղ որևէ հանդիպում տեղի չի ունեցել։
«Դուբայում որևէ պաշտոնական հանդիպում կամ ոչ պաշտոնական շփում որևէ երկրի ներկայացուցչի հետ տեղի չի ունեցել: Այս պատասխանը տրամադրվում է որպես Ձեր հարցման մեջ նշված սխալ «տեղեկությունների» հերքում»,- նշել են ՀՀ ԱԳՆ-ից ու չեն պարզաբանել, թե ինչու է նախարարը գիշերակաց ունեցել «տարանցիկ երկրում»։ և ինչու էր ի սկզբանե հերքվում Ա. Միրզոյանի Դուբայում լինելու հանգամանքը, եթե, իհարկե, թաքցնելու ոչինչ չկար։ Արձանագրենք, որ ԱԳՆ-ից հաստատել են Ա.Միրզոյանի ԱՄԷ-ում լինելու փաստը այն բանից հետո, երբ տեղեկացան, որ ունենք ականատես»,-ասվում է լուրում։