«Անդրանիկ Քոչարյանի վարքն ինձ չզարմացրեց։ Նույնիսկ մտածում էի՝ արժե՞ արդյոք դրան անդրադառնալ»,-գրում է «Հայաստան» խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանը։
Նա նշում է. «Նա ոչ առաջինն է, ոչ էլ՝ վերջինը։ Վաղուց ցինիզմը, սուտը, գռեհկությունը, անպարկեշտությունն ու ժամանակակից խոսույթով՝ հաբռգածությունը, քաղաքական մեծամասնության համար դարձել են վարքականոն ու «մշակույթ», «համոզիչ» լինելու ցուցիչ, դիմացինին լռեցնելու նողկալի դիմակ։
Պարզապես այսպիսին է նրանց առաջնորդի սահմանած «նշաձողը»։ Եվ կատարվածը սոսկ կին լրագրողի թիրախավորելու վարք չէր։ Այս ցինիզմով և անպատժելիությամբ նրանք քողարկում են սեփական անկարողությունն ու մեղքերը, խուսափում դառը ճշմարտությունից։ Սա նաև քաղաքական բոլշևիզմ է, իրականությունից կտրվածների ու իրականության հետ առերեսվելուց վախեցածների վարք։ Կարմիր բերետավորների թիկունքում պատսպարված իշխանության հենարանը անսահման ցինիզմն ու մահակն են․․․
ԱՔ-ն մենակ չէ, մենակ չէ․․․Եվ ոչ էլ կատարվածն է թյուրիմացություն․ տարիներ առաջ նույն «խրոխտ» վարքով, այդ նույն աք-ն կին քաղաքական գործչի էր վիրավորել․․․ նրանից զուր ներողություն մի ակնկալեք։
Եվ մի՞թե արժեք ունի այդ տեսակի և, առհասարակ, այդ խմբակցությունից որևէ մեկի ներողությունը․․․Նրանք՝ հավաքաբար, վաղուց են հատել բոլոր կարմիր գծերը, տրորել մեղքի ու պատասխանատվության բոլոր հնարավոր նշաձողերը։
Այս տեսակին պիտի մերժել, անհնարին դարձնել սրանց վերարտադրությունը, ոչ թե՝ ներողություն ակնկալել»։