Ադրբեջանը նոր սադրանքների է գնում, հարց է առաջանում, թե ի՞նչ առիթ կա իրադրությունը սրելու


Ադրբեջանը նոր սադրանքների է գնում, հարց է առաջանում, թե ի՞նչ առիթ կա իրադրությունը սրելու
Մարտ 17 10:12 2025

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Հայաստանի ու Ադրբեջանի միջև «խաղաղության» համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի ֆոնին, երեկ Ադրբեջանի իրականացրած ապատեղեկատվության արշավը որոշակորեն փոթորկել է հանրությանը:

Մի կողմից իշխանությունը ժողովրդին կեղծ սպասումներ է հրամցնում երկար սպասված խաղաղության մասին, իսկ դրան զուգահեռ, ադրբեջանական ոչ պաշտոնական խոսափողները ակտիվ գրում են նոր պատերազմի մասին:

Մեկ օրվա ընթացքում ադրբեջական 3 կեղծ հաղորդագրությունները Սյունիքի ուղղությամբ հրադադարի ռեժիմի խախտումների մասին, եկան լրացնելու այն վարկածը, որ Ադրբեջանը ոչ թե խաղաղության, այլ նոր սադրանքների է նախապատրաստվում:

Հարց է առաջանում. իսկ ի՞նչ առիթ կա իրադրությունը սրելու և հնարավոր սադրանքներ հրահրելու համար:

Հիմնական խնդիրը «միջանցքի» թեման է, որն առանձնացվել էր «խաղաղության» համաձայնագրից և Ադրբեջանը փորձում է այս ուղղությամբ ճնշումները մեծացնել:

Սրան զուգահեռ, Ադրբեջանի համար շատ կարևոր է Հայաստանի վերջնական զինաթափումը, որը վերջին շրջանում առաջին պլան է բերվել և ձևակերպվում է անչափ վտանգավոր «ապառազմականացման» պահանջի ներքո:

Մեկ բան ակնհայտ է. Ադրբեջանը մինչև վերջ սեղմելու է օղակը` Հայաստանին «քամելու» և ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորությունից զրկելու համար»: