Վարչապետն ու փոխվարչապետներն իրենց իմաստուն առաջնորդությամբ լուծումներ են առաջարկել անհնարին թվացող տեղերում. ֆինանսների նախարար


Վարչապետն ու փոխվարչապետներն իրենց իմաստուն առաջնորդությամբ լուծումներ են առաջարկել անհնարին թվացող տեղերում. ֆինանսների նախարար
Նոյեմբեր 12 11:12 2024

Հայաստանի Հանրապետության 2025 թվականի բյուջեն բացառապես թվերի, տոկոսային հարաբերակցությունների կամ կանխատեսումների համախումբ չէ։ Այս մասին ԱԺ-ում 2025 թվականի բյուջեի հաստատման ժամանակ ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

«Այն մեր բոլորի մասին է, իրական Հայաստանի քաղաքացիների, նրանց, ովքեր ձևավորվում են մեր երկրի ներկան և ապագան։ 2025 թվականի բյուջեն մեր հաստատուն հանձնառությունն է՝ երաշխավորելու, որ յուրաքանչյուր քաղաքացի ապրի արժանապատիվ կյանքով, ունենա զարգանալու և իր ջանքերն արժևորված տեսնելու հնարավորություն։ Այս բյուջեն Հայաստանի ապագայի տեսլականի ևս մեկ էական քայլ է, որով ամրապնդում ենք մեր երկրի դիմակայունությունը, խթանում տնտեսական ներուժը և ապահովում հարկաբյուջետային կայունությունը ի նպաստ մեր երկրի բարօրության,  ի նպաստ մեր քաղաքացիների բարեկեցության։ Այս իմաստով բյուջեն կատարյալ հավասարակշռության անվերջ ձգտում է, որի հիմքում հասարակության շահն է, համապատասխանեցված սոցիալական յուրաքանչյուր խմբի եզակի կարիքներին»,- ասաց նախարարը:

Վերջինիս խոսքով՝ բյուջեն ընդգրկում է հանրության տարբեր շերտերի պահանջները:

«Կրթության հասանելիության ապահովում, առողջապահության բարելավում, սոցիալական ապահովության ամրապնդում և այլ առաջնահերթություններ։ Անկասկած մեր նպատակը մեկն է՝ երկրի կայուն զարգացումը։

Սակայն յուրաքանչյուր անհատ կամ խումբ ունի իր առանձնահատուկ պահանջներն ու խնդիրները, և մենք պարտավորված ենք գտնել այն եզակի մոտեցումները, որոնք կբավարարեն դրանք։ Բյուջեն մեր ընդհանուր նպատակի նյութական արտացոլումն է, որով մենք պետք է երաշխավորենք պետական ֆինանսների այնպիսի բաշխում, որը կնպաստի և անձնապես յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցության ապահովմանը, և հանրային նպատակների իրագործմանը։ Բյուջեն թիմային համախմբված աշխատանքի արդյունք է։ 

Հարկ եմ համարում շնորհակալություն հայտնել ֆինանսների նախարարության բոլոր աշխատակիցներին, ովքեր ներգրավված են եղել ամիսներ շարունակ կազմելու և հղկելու բյուջետային փաստաթուղթը, բոլոր նախարարներին և պետական գերատեսչությունների ղեկավարներին, պատգամավորներին իրենց ակտիվ մասնակցության համար և իհարկե վարչապետին և փոխվարչապետերին, ովքեր իրենց իմաստուն առաջնորդությամբ լուծումներ են առաջարկել այն տեղերում, որտեղ դրանք անհնարին էին թվում։

Այս բյուջեն 2021-2026 թվականների կառավարության ծրագրի չորրորդ բյուջեն է։ Վերջին չորս տարիների ընթացքում կառավարությունը դրսևորելով հետևողականություն և հաշվետվողական լուրջ մոտեցում, ներդրել է անհրաժեշտ բոլոր ջանքերը ծրագրով նախատեսված արդյունքներին հասնելու համար։ Եվ այդ ջանքերն արդեն առաջ են բերել շոշափելի արդյունքներ, որոնց ազդեցությունը զգում ենք մեր ամենօրյա կյանքում»,- ասաց Ֆինանսաների նախարարը: