ՖՈՏՈ. «Ուիգմոր» մանկական հիվանդանոցում խայտառակ պատկեր է. բաց լարեր՝ հիվանդասենյակներում


ՖՈՏՈ. «Ուիգմոր» մանկական հիվանդանոցում խայտառակ պատկեր է. բաց լարեր՝ հիվանդասենյակներում
Սեպտեմբեր 12 09:22 2024

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ուիգմոր» նորաբաց բժշկական կենտրոնին ՀՀ կառավարությունը 1.5 մլն դոլար է փոխանցել՝ առանց ռիսկերի փաստացի գնահատման: 2022 թվականի դեկտեմբեր ամսին Երեւան քաղաքում մեծ շուքով բացվեց «Ուիգմոր Գրուփ» ՓԲԸ-ի «Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոց» բժշկական կենտրոնը: Հիմնադրման օրվանից այս բժշկական կենտրոնի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք է դրսեւորում առողջապահության նախարարությունը՝ շեփորահարելով այս կլինիկայի առավելությունների, բարձրակարգ լինելու մասին:

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ առանց նախնական հաշվարկներ անելու, առանց ռիսկերը փաստացի գնահատելու՝ առողջապահության նախարարությունը 2023 թվականի սկզբին 600 մլն դրամի պետական պատվերով ծառայությունների մատուցման պայմանագիր է կնքել այս բժշկական կենտրոնի հետ: Որպես կանոն՝ պետական պատվեր հիվանդանոցներին տրամադրվում է առնվազն մեկ տարի վճարովի սկզբունքով գործելուց հետո, որպեսզի հասկանալի լինի, թե ինչ որակի ծառայություն է մատուցում հիվանդանոցը: Այսօրինակ ֆինանսավորում, ինչպիսին արվել է «Ուիգմոր»-ի դեպքում, ՀՀ առողջապահության համակարգում երբեք չի արձանագրվել, լիազոր մարմինը՝ պետական պատվեր տեղադրողը, շատ ավելի զգուշավոր է եղել ֆինանսների տրամադրման գործում: Մշտապես սպասել են, դիտարկել նորաբաց կլինիկաների աշխատանքը եւ նոր սկսել ֆինանսավորել, այն էլ՝ «Ուիգմոր Գրուփ»-ին հատկացված գումարից 20-30 անգամ պակաս չափով:

Բայց հանրության, առողջապահության կառավարիչների, տարիների փորձ ունեցող բժիշկների որոշակի շրջանակում ձեւավորվել է կարծիք, որ այս կլինիկան Հայաստանում առանձնահատուկ է, պայմանները, վերանորոգումը, կահավորումը, դիզայնը չունեն իրենց հավասարը, եւ որ մրցակցելը նրա հետ շատ դժվար է, առավել եւս, եթե հավելենք, որ ճանաչված շատ բժիշկների են հրավիրել աշխատելու «Ուիգմոր Գրուփ»-ում. սակայն իրականությունը ամենեւին էլ այդքան վարդագույն եւ կատարյալ չէ: Բուժայցելուներից ոմանք, լինելով ավելի ուշադիր, դիտարկել են, թե իրականում ինչ վիճակ է տիրում հիվանդանոցում, եւ անգամ ներկայացվող «գերազանց պայմաններից» «Ժողովուրդ» օրաթերթին փաստեր են ներկայացրել (տեղադրում ենք «Ուիգմոր Գրուփ»-ի լավ վերանորոգված եւ կահավորված պայմանները): Լուսանկարներում դուք կարող եք տեսնել, թե նոր վերանորոգված, գովազդված հիվանդանոցում ինչպիսի խայտառակ պայմաններ են. սանհանգույցի առաստաղը բաց է, մանկական հիվանդասենյակի սանհանգույցում էլեկտրական լարերը դուրս են եկել պատից ու հասանելի են երեխաներին: Հիվանդասենյակի մահճակալի վերեւի մասում եւս բաց լարերը հասանելի են երեխաներին…

Ստացվում է, որ «Ուիգմոր Գրուփ» ՓԲԸ-ի համար տրված ձեւակերպումը՝ «Մանկական հիվանդանոցային բուժօգնության բացառիկ մշակույթ՝ ի նպաստ երեխաների ապահով եւ որակյալ բուժօգնության» միֆ է: Անգամ հիվանդանոցային տարրական անվտանգային պայմաններն ապահովված չեն, ու տեսչական որեւէ մարմին ոչինչ չի անում բարձրակարգ հիվանդանոցը վերահսկելու, խախտումները բացահայտելու համար: Ինչո՞ւ, որովհետեւ բոլորը գիտեն, որ առողջապահական ոլորտում «Ուիգմոր»-ը վայելում է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հովանավորությունը, եւ նրա մայրը ինչ-ինչ առնչություն ունի այս հիվանդանոցին կամ դրա տարբեր մասնաշենքերի բացմանը»: